Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչում։ Հիմնադրվել է 2002 թ. ընդունված «Գիտության, կրթության, ժուռնալիստիկայի, մշակույթի, արվեստի, առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառներում Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով։ Վերասահմանվել է 2004 թ. հունիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 2004 թ. հուլիսի 10-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 2004 թ. օգոստոսի 2-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով (օրենքն ուժը կորցրել է 2014 թ. օգոստոսի 9-ին)։ Կրկին վերասահմանվել է 2014 թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 2014 թ. հուլիսի 18-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 2004 թ. օգոստոսի 9-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով։

Կոչման կարգավիճակը և կոչում ստացողները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը շնորհվում է կոմպոզիտորներին, դիրիժորներին, երաժշտական, խմբերգային, պարային և այլ կոլեկտիվների գեղարվեստական ղեկավարներին, ռեժիսորներին և արվեստի մյուս գործիչներին՝ տվյալ բնագավառում ցուցաբերած վարպետության, արվեստի ասպարեզում արժեքավոր գործեր ստեղծելու, ստեղծագործող սերնդի դաստիարակության գործում ունեցած մեծ վաստակի համար։

2014 թ. օրենսդրական փոփոխությունների արդյունքում կոչման կարգավիճակը և ստացողների շրջանակը չեն փոփոխվել[1]։

Համաձայն ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետի՝ կոչումը շնորհում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։ Պարգևատրման վերաբերյալ Նախագահը հրապարակում է հրամանագիր։

Կոչման շնորհման միջնորդությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

2002-2014 թթ.[խմբագրել | խմբագրել կոդը]

2002-2014 թթ. պատվավոր կոչումների ներկայացնելն իրականացնում էր Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ հաշվի առնելով նաև լիազորված պետական մարմինների, ստեղծագործական միությունների առաջարկությունները՝ Հայաստանի Հանրապետության Նախագահին ուղղված գրավոր միջնորդագրերի միջոցով, բացի այդ, անձնական նախաձեռնությամբ պատվավոր կոչումներ կարող է շնորհել Հայաստանի Հանրապետության Նախագահը։

Ներկայումս[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թ. օգոստոսի 9-ից Հայաստանի Հանրապետության Նախագահը շնորհում է պատվավոր կոչումներ անձնական նախաձեռնությամբ, նաև պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ պաշտոնատար անձանց միջնորդությունների հիման վրա։ Այլ կերպ ասած, միջնորդություն ներկայացնել կարող է ոչ թե Կառավարությունը, այլ պաշտոնատար անձինք։

Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու միջնորդությանը ներկայացվող պահանջները և միջնորդությունը ներկայացնելու կարգը, պատվավոր կոչումներ շնորհելու միջնորդություն ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։ ՀՀ Նախագահի 2014 թ. սեպտեմբերի 16-ի ՆՀ-396 հրամանագրի համաձայն, կոչումը շնորհելու միջնորդությունները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ղեկավարները, Երևանի քաղաքապետը՝ տվյալ մարմինների և Երևանի քաղաքապետարանի գործունեության ոլորտին առնչության դեպքում։ Տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու միջնորդությունները ներկայացնում են համապատասխան միջնորդություն ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց միջոցով[2]։

Շնորհագիր և կրծքանշան[խմբագրել | խմբագրել կոդը]

2002-2014 թթ.[խմբագրել | խմբագրել կոդը]

2002-2014 թթ. կոչմանն արժանացած անձանց շնորհվում էին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պատվավոր կոչումը հավաստող համապատասխան ձևի շնորհագիր և կրծքանշան։ «ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ» կրծքանշանը՝ պատրաստված բրոնզափառ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից։ Զոլակն ունի 25 մմ երկարություն ու 10 մմ լայնություն և պատված է եռագույն սառը արծնով։

Շրջանի տրամագիծը 36 մմ է։ Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի ցայտաքանդակը՝ փայլեցված ողորկ մակերեսով։ Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում՝ «ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ» գրությամբ։

Ներկայումս[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թ. օգոստոսի 9-ից հետո հանձնվող շնորհագրի և կրծքանշանի նկարագրությունը և նմուշը, դրա վկայականի նմուշը, մեդալի շերտաձողիկի նկարագրությունը և նմուշը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։

ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կրծքանշանը պատրաստված է բրոնզապատ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից։ Զոլակն ունի 25 մմ երկարություն և 10 մմ լայնություն, պատված է եռագույն սառը արծնով։ Շրջանի տրամագիծը 36 մմ է։ Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի ցայտաքանդակը՝ փայլեցված ողորկ մակերեսով։ Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում «ՀՀ ԱՐՎԵՍՏԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾԻՉ» գրությամբ[3]։

Կոչման շնորհման վիճակագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի կողմից (2008 թ. ապրիլի 9-ից առ այսօր) կոչումը շնորհվել է 84 անձի։

Կոչում ստացած 84 անձանցից 66-ը տղամարդ են, 18-ը՝ կին։

Ըստ տարեթվերի կոչումը շնորհվել է.

  • 2008 թ. - 11,
  • 2009 թ. - 13,
  • 2010 թ. - 5,
  • 2011 թ. - 16,
  • 2012 թ. - 9,
  • 2013 թ. - 14,
  • 2014 թ. - 9,
  • 2015 թ. - 7 անձ։

Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]