Սրբազան Հռոմեական կայսրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Sacrum Romanum Imperium Nationis Germanicæ
Heiliges Römisches Reich Deutscher Nation
Գերմանական Ազգի Սրբազան Հռոմեական կայսրություն
 Արևելյան-Ֆրանսիա 962 - 1806 Հռենոսյան դաշնություն (1806) 
Ավստրիական կայսրություն 
Պրուսիայի թագավորություն 
Banner of the Holy Roman Emperor (after 1400).svg Wappen Kaiser Joseph II. 1765 (Groß).png
(Դրոշ) (Զինանշան)
Քարտեզ

Սրբազան Հռոմեական Կայսրություն.png
(1648)

Ընդհանուր տեղեկանք
Լեզու գերմաներեն և այլք
Կրոն Կաթոլիկ, Լյութերական, Կալվինիստական
Իշխանություն
Պետական կարգ Ընտրական միապետություն
Դինաստիա Տարբեր
Պետության գլուխ Կայսր
Պատմություն
- Կայսր Օտտո I 962
- Ինվեստիտուրայի պայքար 1075-1122
- Աուգսբուրգի կրոնական հաշտություն 1555
- Վեստֆալյան հաշտություն 1648
- Աշխարհիկացում (Reichsdeputationshauptschluss) 1803
- Հռենոսյան դաշնության ակտ 1806
Ավստրիայի պատմություն
Austria Bundesadler.svg

Նախապատմական Ավստրիա
Նորիկ և Ռեցիա
Արևելյան Մարկա
Ավստրիայի դքսություն
Ավստրիայի էրցհերցոգություն
Սրբազան Հռոմեական կայսրություն
(Հաբսբուրգյան միապետություն)
Ավստրիական կայսրություն
Ավստրո-Հունգարական կայսրություն
Գերմանական Ավստրիա
Առաջին Հանրապետություն
Նացիստական Գերմանիա
Ալպյան և Դանուբյան Ռեյսխգաու
Դաշնակցային բռնազավթում
Երկրորդ Հանրապետություն

Սրբազան Հռոմեական կայսրություն (1512 թ-ից - Գերմանական Ազգի Սրբազան Հռոմեական կայսրություն; լատ.՝ Sacrum Imperium Romanum Nationis Germanicæ; գերմ.՝ Heiliges Römisches Reich Deutscher Nation), պետական կազմավորում, որ գոյատևեց 962 թվականից մինչև 1806 թվականը՝ միավորելով Եվրոպայի մի մասը։ Կայսրությունը՝ հզորության գագաթնակետին ներառում էր Գերմանիան, որը համարվում էր կայսրության միջուկը, հյուսիսային և միջին Իտալիան, Նիդերլանդները, Չեխիան, ինչպես նաև որոշ տարածքներ Ֆրանսիայում։ Կայսրությունը հիմնել է գերմանական թագավոր Օտտոնը։ Գերմանական ֆեոդալների շահերից բխող կայսրության ագրեսիվ քաղաքականությունը հիմնականում ուղղված էր Արևելյան և Հարավային Իտալիա, ուր գերմանական կայսրերը արշավում էին Հռոմի պապից կայսերական թագ ստանալու և նորից ու նորից վերանվաճելու Իտալիան։ Սկսած 1134 թվականից՝ ձևականորեն կազմված էր երեք թագավորություններից՝ Գերմանիայի թագավորություն, Իտալիայի թագավորություն և Բուրգունդիայի թագավորություն։ 1135 թվականին կայսրության կազմի մեջ մտավ Չեխիայի թագավորությունը։ 13-րդ դարից կայսրին ընտրել են կայսրընտրիչ իշխանները՝ կուրֆյուրստները։ Համակայսերական դասային-ներկայացուցչական մարմինը՝ ռայխստագը, ծառայել է խոշոր ֆեոդալների շահերին։ 1618-1648 թվականներին Երեսնամյա պատերազմից հետո կայսեր իշխանությունը վերջնականապես դարձել է անվանական։ Ձևականորեն «Հռոմեական սրբազան կայսրությունը» գոյատևել է մինչև 1806 թվականը, երբ վերջին Սրբազան հռոմեական կայսր Ֆրանց II-ը՝ նույն ինքը՝ ավստրիական կայսր Ֆրանց I-ը Նապոլեոնյան պատերազմների ժամանակ հրաժարվել է Սրբազան հռոմեական կայսրության գահից և Սրբազան հռոմեական կայսեր տիտղոսից, դրա փոխարեն անվանվելով Ավստրիական կայսր։

Սրբազան Հռոմեական կայսրության տարածքը 1600 թվականին՝ համադրելով ժամանակակից պետությունների սահմանների ուրվագծերի հետ
Գերմանական Ազգի Սրբազան Հռոմեական կայսրության տարածքների փոփոխության դինամիկան իր ամբողջ գոյության ընթացքում՝ 962 թվականից մինչև 1806 թվականը:

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր լեզուներում Սրբազան Հռոմեական կայսրությունը հայտնի էր որպես՝ լատ.՝ Sacrum Imperium Romanum՝ լատիներեն՝ Սակրում Իմպերիում Ռոմանում, գերմ.՝ Heiliges Römisches Reich, գերմաներեն՝ Հայլիխես Ռյոմիշես Ռայխ, իտալ.՝ Sacro Romano Impero, իտալերեն՝ Սակրո Ռոմանո Իմպերո, չեխ․՝ Svatá říše římská, չեխերեն՝ Սվատյա ռիշե ռիմսկյա, սլովեն.՝ Sveto rimsko cesarstvo, սլովակերեն՝ Սվետո րիմսկո ցեսարստվո, հոլ.՝ Heilige Roomse Rijk, նիդերլանդերեն՝ Հեյլիգե Ռոոմսե Ռիյկ, ֆր.՝ Saint-Empire romain germanique, ֆրանսերեն՝ Սենտ-Ամպիր ղոմեն ժերմանիք.[1] Մինչև 1157 թվականը այդ տերությունը պարզապես կոչվում էր Հռոմեական կայսրություն:[2] «Սրբազան», այսինքն sacrum տերմինը ("սրբազան", "օծյալ" կամ "օծված", "օրհնված" իմաստով) միջնադարյան Հռոմեական կայսրության համար սկսեցին օգտագործել 1157 թվականին, Ֆրիդրիխ I Բարբարոսա կայսեր ժամանակ ("Սրբազան կայսրություն"): "Սրբազան" տերմինը ավելացվեց՝ արտացոլելու համար Ֆրիդրիխի հավակնությունը՝ գերիշխելու Իտալիայում և Հռոմի Պապի ու նրա տիրույթների վրա:[3] "Սրբազան Հռոմեական կայսրություն" անվանաձևը վկայվում է 1254 թվականից ի վեր:[4]

1512 թվականին հաջորդած տասնամյակում Աշխարհաժողով, որը տեղի ունեցավ Քյոլն քաղաքում, այդ տերության անվանումը փոխվեց և դարձավ Գերմանական Ազգի Հռոմեական Սրբազան կայսրություն (գերմ.՝ Heiliges Römisches Reich Deutscher Nation, գերմաներեն՝ Հայլիխես Ռյոմիշես Ռայխ Դոյչեր Նացիոն, լատ.՝ Imperium Romanum Sacrum Nationis Germanicæ, լատիներեն՝ Իմպերիում Ռոմանում Սակրում Նացիոնես Գերմանիկե),[5][6] մի ձև, որն առաջին անգամ օգտագործվել էր դեռ 1474 թվականի մի փաստաթղթում:[3] Տերության նոր տիտղոսը ընդունվեց մասամբ այն պատճառով, որ 15-րդ դարի վերջերին Կայսրությունը կորցրել էր իր Իտալական և Բուրգունդական (Արլի Թագավորություն) տարածքների մեծ մասը,[7], մասամբ էլ, որպեսզի ընդգծվի Գերմանական տիրույթներ նոր կարևորությունը՝ Կայսրության կառավարման մեջ, որը տեղի էր ունեցել Կայսերական բարեփոխման արդյունքում:[8] 18-րդ դարի վերջերին 'Գերմանական Ազգի Հռոմեական Սրբազան կայսրություն' տիտղոսը պաշտոնական օգտագործումից դուրս եկավ: Հակասելով այդ անվանման վերաբերյալ ավանդական տեսակետին՝ Հերման Վայսերտը (Hermann Weisert) կայսերական տիտղոսաշարերի վերաբերյալ իր ուսումնասիրությունում գրում է, թե, չնայած բազմաթիվ գրքերում ներկայացված տեսակետին,Գերմանական Ազգի Սրբազան Հռոմեական կայսրություն տերմինը երբեք պաշտոնական կարգավիճակ չի ունեցել և մատնանշում է, թե փաստաթղթերը 30 անգամ ավելի շատ բաց են թողում այդ «ազգային» ածականը, քան ավելացնում կայսրության տիտղոսի վրա:[9]

Հռոմեական Սրբազան կայսրության անվան մասին իր հայտնի գնահատականում Լուսավորության դարաշրջանի ֆրանսիացի ականավոր գրող Վոլտերը զավեշտով նշել է. "Այս տարածքային հավաքակազմը, որը կոչվել է և դեռևս իրեն անվանում է Սրբազան Հռոմեական կայսրություն, ո՛չ սրբազան է եղել, ո՛չ հռոմեական և ո՛չ էլ կայսրություն:"[10]

Պետության բնույթը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրբազան Հռոմեական կայսրությունը 850 տարիների իր գոյության ընթացքում մնացել է ֆեոդալական տիպի աստիճանակարգի վրա հիմնված պետական կառույց։ Այն երբեք չի կրել ազգային պետության բնույթ, ինչպիսիք են Անգլիան կամ Ֆրանսիան, չի հասել նաև կառավարման համակարգի կենտրոնացման բարձր աստիճանի։ Այդ կայսրությունը չէր հանդիսանում ո՛չ դաշնություն` federation, ո՛չ էլ ժամանակակից ընկալմամբ համադաշնություն` confederation, այլ համադրում էր պետական կառուցվածքի այդ ձևերի տարրերը։ Կայսրության ենթակայական կազմը առանձնանում էր ծայրահեղ բազմազանությամբ. կիսանկախ մեծաթիվ կուրֆուրստություններ և դքսություններ, իշխանություններ ու կոմսություններ, եպիսկոպոսություններ, ազատ քաղաքներ, ոչ այնքան մեծ աբբայություններ՝ վանահայրություններ և կայսերական ասպետների փոքր տիրույթներ։ Դրանք բոլորն էլ հանդիսանում էին իրավունակության տարբեր աստիճանների տիրապետող կայսրության լիիրավ սուբյեկտներ (կայսերական դասեր)։ Կայսրը երբեք չի ունեցել բացարձակ իշխանություն, նա կիսում էր իշխանությունը երկրի բարձրագույն ազնվականության հետ։ Ի տարբերություն եվրոպական մյուս պետությունների, կայսրության բնակիչները չէին ենթարկվում անմիջապես կայսրին, այլ ունեին կառավարիչ՝ աշխարհիկ տիրակալ (արքա, իշխան, դուքս, կոմս, բարոն) կամ եկեղեցական իշխանավոր (արքեպիսկոպոս, եպիսկոպոս վանահայր), կայսերական ասպետ կամ քաղաքային մագիստրատ, ինչը երկրում ձևավորում էր իշխանության երկու մակարդակ՝ կայսերական և տարածքային, որոնց միջև հաճախ առկա էին հակամարտություններ։

Կայսրության յուրաքանչյուր սուբյեկտը, հատկապես այնպիսի հզոր պետությունների, ինչպիսիք են Ավստրիան, Պրուսիան, Բավարիան, ուներ անկախության մեծ աստիճան ներքին գործերում և որոշակի արտոնություններ արտաքին քաղաքականության մեջ, սակայն կայսրության բնորոշիչը կայսրի գերիշխանությունն էր, իսկ կայսերական հաստատությունների որոշումներն ու կայսերական իրավունքի նորմերը համարվում էին պարտադիր (երբեմն իրավունք էին միայն տեսականորեն) կայսրության մաս կազմող պետական կազմավորումների համար։ Սրբազան Հռոմեական կայսրությունում առանձնահատուկ դերակատարություն ուներ եկեղեցին, որով էլ այդ պետության մեջ առկա էին թեոկրատիայի՝ աստվածապետության կամ կրոնապետության տարրեր, սակայն, միևնույն ժամանակ կայսերական կառուցվածքի շնորհիվ Ռեֆորմացիայից հետո, առաջին անգամ Եվրոպայում ապահովվեց մի քանի դավանանքների մեկ պետության շրջանակներում երկարատև ու խաղաղ գոյակցությունը։ Սրբազան Հռոմեական կայսրության զարգացումը տեղի էր ունենում միավորման և անջատողականության միտումների մշտական պայքարի պայմաններում։ Անջատողականություն էին արտահայտում աստիճանաբար ինքնիշխան պետությունների նշաններ ձեռք բերող և կայսրի իշխանությունից ազատվել ձգտող խոշոր տարածքային իշխանությունները, այն ժամանակ, երբ գլխավոր համախմբող գործոնը կայսերական գահը, կայսերական հաստատություններն ու ինստիտուտներն էին (ռայխստագ, կայսերական դատարան, տեղական ինքնակառավարման համակարգը՝ Landstand-ը կամ Landschaftsvertretung-ը), կաթոլիկ եկեղեցին, գերմանական ազգային ինքնորոշումը, կայսրության պետական կառուցվածքի դասային սկզբունքը, ինչպես նաև կայսերական հայրենասիրությունը (գերմ.՝ Reichspatriotismus)՝ հասարակական գիտակցության մեջ արմատացած կայսրության և կայսրի՝ որպես պետության գլխի (բայց ոչ երբեք կոնկրետ գահատոհմի` դինաստիայի ներկայացուցչի) հանդեպ օրինապահությունը կամ հավատարմությունը։

Պետության կազմավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայսրության (լատ.` imperium)` որպես ամբողջ քրիստոնյա քաղաքակիրթ աշխարհը միավորող միասնական կառույցի, գաղափարը ծագում է Հին Հռոմից և իր արտահայտումը ստանում Կառլոս Մեծի կայսրության մեջ։ Կարոլինգյան պետության կազմալուծումից հետո այդ գաղափարները պահպանվեցին եվրոպական միջնադարյան գիտակցության մեջ` որպես Աստծո Արքայության երկրային մարմնավորում` պետության կառուցվածքի լավագույն մոդել, որի դեպքում գերագույն միապետը պահպանում է քրիստոնյա երկրների ներքին և արտաքին խաղաղությունն ու անդորրը, ապահովում և պայմաններ է ստեղծում քրիստոնյա եկեղեցու ծաղկման համար։ Կայսրության վաղ քրիստոնեական հայեցակարգը ենթադրում էր պետության և եկեղեցու միասնություն` արտահայտված նաև աշխարհիկ ու հոգևոր իշխանության կրող կայսրի ու Հռոմի պապի սերտ համագործակցության միջոցով։ Թեև Կառլոս Մեծի կայսրության մայրաքաղաքը Աախեն քաղաքն էր, կայսերական գաղափարն առաջին հերթին կապված էր արևմտյան քրիստոնեության կենտրոն Հռոմի հետ, որը, համաձայն «Կոստանդիանոսի ընծա» կոչվող փաստաթղթի, ամբողջ Եվրոպայում քաղաքական իշխանության աղբյուրն էր։

IX դարի կեսերին Կառլոս Մեծի պետության կազմալուծումից հետո Արևմուտքի կայսեր տիտղոսը պահպանվեց, սակայն տիտղոսի կրողի իրական իշխանությունը սահմանափակվում էր միայն Իտալիայով, բացառությամբ բոլոր կառոլինգյան պետությունների կարճաժամկետ միավորման որոշ դեպքերի։ Վերջին կարոլինգյան հռոմեական կայսր Բերենգար Ֆրիուլցին վախճանվեց 924 թ.։ Նրա մահից հետո Իտալիայի նկատմամաբ իշխանությունը մի քանի տասնամյակների ընթացքում վիճարկում էին Հյուսիսային Իտալիայի և Բուրգունդիայի մի շարք ազնվական ընտանիքների ներկայացուցիչներ։ Բուն Հռոմում պապական իշխանությունը հայտնվեց տեղական ազնվական տների լիակատար վերահսկողության տակ։ X դարի կեսերին կայսրեական գաղափարի վերակենդանացման աղբյուր դարձավ Գերմանիան։

Հենրիկոս I Ոգելերի (919—936) և Օտտո I Մեծի (936—973) իշխանության տարիներին Գերմանիան մեծապես ամրացավ և ընդարձակվեց։ Պետության կազմի մեջ մտան Լոթարինգիան` Կարոլինգյան պետության նախկին մայրաքաղաք Աախենով, հետ շպրտվեցին վաչկատուն մադյարական (հունգարական) ցեղերի արշավանքները (Լեհ գետի մոտ ճակատամարտ, 955 թ.), սկսվեց եռանդուն էքսպանսիա դեպի սլավոնական երկրներ, Հունգարիայի և Դանիայի թագավորություններ։ Գերմանիայում եկեղեցին դարձավ թագավորական իշխանության գլխավոր հենարանը։ Ցեղային դքսությունները, որոնք կազմում էին Հարևելյան ֆրանկների պետության տարածքային կառուցվածքի հիմքը, Օտտո I օրոք ենթարկվեցին կենտրոնական իշխանության։ 960-ական թթ սկզբներին Օտտոն դարձավ Կառլոս Մեծի կայսրության իրավահաջորդ պետությունների իշխաններից ամենահզորը և ձեռք բերեց քրիստոնյա եկեղեցու պաշտպանի համբավ։

960 թվականին Հռոմի պապ Հովհաննես XII դիմեց Օտտոյին Իտալիայի թագավոր Բերենգար II Իվրեյցուց պաշտպանության խնդրանքով` խոստանալով նրան կայսերական թագը։ Օտտոն անհապաղ անցավ Ալպերը, հաղթանակ տարավ Բերենգարի նկատմամբ, ճանաչվեց լանգոբարդների թագավոր և այնուհետև շարժվեց դեպի Հռոմ։ Այնտեղ, 962 թ. փետրվարի 2–ին նա օծվեց որպես կայսր։ Այս թվականը համարվում է Սրբազան Հռոմեական կայսրության ստեղծման տարեթիվը։ Թեև ինքը` Օտտո Մեծը, չէր դիտարկում իրեն որպես նոր կայսրության հիմնադիր, այլ միայն որպես Կառլոս Մեծի կայսրության տիրակալ, կայսերական թագի` գերմանական միապետներին անցումը նշանակում էր Արևելյան ֆրանկների թագավորության (Գերմանիայի) վերջնական առանձնացում Արևմտյան ֆրանկների (Ֆրանսիա) պետությունից և նոր պետության կազմավորում գերմանական և հյուսիսիտալական տարածքների հիման վրա։ Այդ պետության միապետները իրենց դիտարկում էին որպես Հռոմեական կայսրության իրավահաջորդներ և քրիստոնյա եկեղեցու հովանավորներ։

Կայսրությունը միջին դարերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օտտոյի հարստության կառավարումը և ինվեստիտուրայի համար պայքար[խմբագրել | խմբագրել կոդը]

Օտտո Մեծի կողմից ընդունած կայսրեական տիտղոսը նրան մի աստիճան բարձր էր դնում բոլոր եվրոպական միապետներից` հավասարեցնելով Հռոմի պապի հետ։ Հատուկ կարևորություն ուներ այդ տիտղոսի սակրալ նշանակությունը, որը թույլ էր տալիս Օտտոյին և նրա հաջորդներին ամբողջական վերահսկողության տակ առնել իրենց տիրույթներում եկեղեցական կառույցները։ Եպիսկոպոսների և աբբահայրերի ընտրությունները իրականացվում էին կայսեր կարգադրությամբ. նախքան ձեռնադրումը եկեղեցական պաշտոնյաները հավատարմության երդում էին տալիս նրան` նաև որպես ավատատեր աշխարհիկ իշխանի։ Եկեղեցին ընդգրկված էր կայսրության աշխարհիկ կառուցվածքի մեջ և դարձել էր կայսերական իշխանության և երկրի միասնության գլխավոր հենարաններից մեկը։ Դա հստակ երևաց արդեն Օտտո II Շիկահերի (973—983) կառավարման և Օտտո III (983—1002) անչափահասության տարիներին, երբ շնորհիվ Գերմանիայի բարձրաստիճան հոգևորականության աջակցության կայսրերին հաջողվեց ճնշել ցեղական դքսությունների մի քանի խոշոր ապստամբություններ։ Օտտոների հարստության օրոք պապական գահը հայտնվեց կայսրերի գերիշխող ազդեցության տակ. կայսրերը հաճախ միահեծան էին որոշում Հռոմի պապերի ընտրության և պաշտոնանկության հարցերը։ Նշված ժամանակաշրջանում աշխարհիկ և հոգևոր գործերը հստակորեն չէին առանձնացված իրարից, և կայսրը, որպես «երկրի վրա Աստծո կուսակալ», իշխանություն էր իրականացնում երկու ոլորտների վրա։ Պետական կառույցին եկեղեցու համարկումը իր գագաթնակետին հասավ Կոնրադ II (1024—1039) և Հենրիկոս III (1039—1056) կառավարման տարիներին, երբ ձևավորվեց դասական կայսերական եկեղեցական համակարգը (գերմ.՝ Reichskirchensystem): Վաղ շրջանում կայսրության պետական ինստիտուտները մնում էին բավականին թույլ տարբերակված վիճակում։ Կայսրը միաժամանակ հանդիսանում էր Գեմանիայի և Իտալիայի արքան։ 1032 թ․ Բուրգունդիայի վերջին թագավոր Ռուդոլֆ III մահից հետո Սրբազան Հռոմեական կայսրության կայսրին անցով նաև Բուրգունդիայի թագավորի տիտղոսը։ Գերմանիայի հիմնական քաղաքական միավորները ցեղային դքսություններն էին՝ Սակսոնիան, Բավարիան, Ֆրանկոնիան, Ծվաբիան, Լոթարինգիան (այն 965 թ․ բաժանվել է Ստորին և Վերին մասերի) և Կարինտիան (976 թ․ բաժանվել է Բավարիայից)։ Կայսրության արևելյան սահմանների երկայնքով ստեղծվեց «մարկաների» համակարգ (Հյուսիսային, Սաքսոնական, Արևելյան, Բավարական Արևելյան, ավելի ուշ՝ Մեյսենյան, Բրանդենբուրգյան, Լուժիցյան)։ 980-ական թթ․ սլավոնները որոշ ժամանակով նորից հետ շպրտեցին գերմանացիներին Էլբա գետից արևմուտք և գրավեցին Համբուրգ քաղաքը, սակայն XI դարի սկզբում կայսրությունը վերականգնեց իր դիրքերը տարածաշրջանում, թեև հետագա առաջխաղացումը կանգնեցվեց Հունգարիայի և Լեհաստանի՝ որպես անկախ պետությունների ընդգրկումը եվրոպական քրիստոնյա երկրների էնկերակցություն։ Իտալիայում ևս ստեղծվեցին «մարկաներ» (Տսկանա, Վերոնա, Իվրեա), սակայն իտալական քաղաք-կոմունաների զարգացումը XII դարի սկզբին կազմալուծեց այդ համակարգը։ .

Կայսրերի համար գլխավոր խնդիրը միաժամանակ Ալպերից հյուսիս և հարավ ընկած տարածքների նկատմամբ գերիշխանության պահպանումն էր։ Օտտո II, Օտտո III և Կոնրադ II կայսրերը սիպված էին երկար ժամանակ անցկացնել Իտալիայում, որտեղ նրանք պայքար էին մղում արաբ-մուսուլմանների և բյուզանդացիների առաջխաղացման դեմ, ինչպես նաև պարբերաբար ճնշում էին իտալական ազնվականական տների խռովությունները, սակայն վերջնականապես հաստատել կայսերական իշխանությունը Ապենինյան թերակղզու վրա նրանց այդպես էլ չհաջողվեց։ Բացառությամբ Օտտո III կարճատև գահակալության, ով տեղափոխեց իր նստավայրը Հռոմ, կայսրության միջուկը մնում էր Գերմանիան։

Սալիական հարստության առաջին միապետ՝ Կոնրադ II (1024—1039) կառավարման տարիներին է վերաբերվում մանր ասպետների (այդ թվում՝ «մինիստերիալների») խավի ձևավորումը, որի իրավունքները կայսրը երաշխավորեց 1036 թ․ ընդունած «Constitutio de feudis» հրովարտակով, որը դրվեց կայսերական ավատական իրավունքի հիմքում։ Մանր և միջին ասպետական խավը հետագայում դարձավ կայսրությունում ինտեգրման միտումների գլխավոր կրող ուժը։ Կոնրադ II և նրան հաջորդած Հենրիկոս III վերահսկում էին գերմանական տարածքային իշխանությունների մեծ մասը, ինքնուրույն նշանակելով կոմսերին և դքսերին, ինչպես նաև ամբողջապես գերիշխում էին տեղական ազնվականության և հոգևորականության նկատմամբ։ Դա թույլ տվեց կայսերական իրավունքի մեջ ներմուծել «Աստծո խաղաղության» ինստիտուտը, այն է՝ կայսրության ներսում երկպառակչական պատերազմների և ռազմական հակամարտությունների արգելումը։

Կայսրեական իշխանության հզորության գագաթնակետը Հենրիկոս III օրոք երկար չտևեց․ արդեն Հենրիկոս IV (1056—1106) անչափահասության տարիներին սկսվեց կայսեր ազդեցության անկումը։ Դա տեղի էր ունենում եկեղեցում Կլյունիի շարժման վերելքի և դևրանից բխող՝ Գրիգորիոս VII պապի բարեփոխումների ֆոնի վրա, որոնցով հայտարարվում էր Հռոմի պապի իշխանության գերակայության և եկեղեցական իշխանության՝ աշխարհիկ իշխանությունից լիակատար անկախության մասին։ Հռոմի պապ Գրիգորիոս VII փորձեց վերացնել եկեղեցական պաշտոնների նշանակումների հարցում կայսեր ազդեցության հնարավորությունը և դատապարտեց եկեղեցական նշանակումների աշխարհիկ իշխանության կողմից հաստատման ընթացակարգը։ Սակայն Հենրիկոս IV վճռականորեն պաշտպանեց այդ հարցում կայսեր լիազորությունները, ինչը հանգեցրեց գերմանական կայսեր և Հռոմի պապի միջև երկարատև պայքարի։ 1075 թ․ Հենրիկոս IV կողմից Միլանի եպիսկոպոսի նշանակումը հանգեցրեց Հռոմի պապի կողմից նրան բանադրելուն։ Գերմանական իշխանների ճնշման տակ կայսրը 1077 թ․ ստիված եղավ ապաշխարհական այց կատարել Կանոսա և հայցել պապի ներումը։ Ինվեստիտուրայի համար պայքարն ավարտվեց միայն 1122 թ․ Որմսի կոնկորդատի ստորագրմամբ, որն ամրագրեց աշխարհիկ և հոգևոր իշխանությունների միջև փոխզիջումը։ Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ եպիսկոպոսների ընտրությունները պետք է տեղի ունենային ազատ և առանց կաշառքի, սակայն աշխարհիկ ինվեստիտուրան (տվյալ եկեղեցական միավորին ամրագրված հողային կալվածների սեփականության իրավունքի շնորհումը) մնում էր կայսեր իրավասության տակ։ Դրանով կայսրերը պահպանում էին եպիսկոպոսների նշանակման վրա իրենց ազդեցությունը։ Դրա հետ մեկտեղ, ընդհանուր առմամբ, ինվեստիտուրայի համար պայքարը էապես թուլացրեց եկեղեցու նկատմամբ կայսեր վերահսկողությունը, հանեց պապական իշխանությունը կայսերական կախվածությունից և նպաստեց կայսրության տեղական աշխարհիկ և հոգևոր իշխանների ազդեցության վերելքին։


Հոգենշտաուֆենների դարաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

XII դարի երկրորդ քառորդում կայսրության քաղաքական կյանքը բնութագրվում է Գերմանիայի երկու իշխանական տների` Հոգենշտաուֆենների և Վելֆերի միջև հակամարտությամբ։ Առաջինները գերիշխում էին Գերմանիայի հարավ–արևմուտքում (Շվաբիա, Էլզաս) և Ֆրանկոնիայում. Վելֆերը Բավարիայի, Սաքսոնիայի իշխաններն էին, զարգացնում էին դեպի արևելյան սլավոնական հողեր` Մեկլենբուրգ, Պոմորիե, Էլբա գետին մերձակա տարածքներ, էքսպանսիան։ 1138 թ. Գերմանիայի կայսր ընտրվեց Կոնրադ III Հոգենշտաուֆենը, սակայն Վելֆերի և Հոգենշտաուֆենների զինված ընդհարումները շարունակվեցին նրա կառավարման ամբողջ ընթացքում։

1152 թ. Կոնրադ III մահից հետո կայսր դարձավ նրա եղբորորդի Ֆրիդրիխ I Բարբարոսան, որի գահակալությունը բնութագրվում է Գերմանիայում կենտրոնական իշխանության շոշափելի ուժեղացմամբ։ Ըստ բազմաթիվ ուսումնասիրողների` Ֆրիդրիխ Բարբարոսայի օրոք Սրբազան Հռոմեական կայսրությունը հասավ իր հզորության գագաթնակետին։ Ֆրիդրիխ I քաղաքական գլխավոր ուղղություններից մեկը դարձավ Իտալիայում կայսերական իշխանության ամրապնդումը։ Ֆրիդրիխն իրականացրեց դեպի Իտալիա վեց արշավանք. դրանցից առաջինի ժամանակ նա Հռոմում թագադրվեց կայսերական թագով։ Ապենինյան թերակղզում կայսերական դիրքերի ուժեղացումը հարուցեց ինչպես պապ Ալեքսանդր III և Սիցիլիայի թագավորության, այնպես էլ Իտալիայի հյուսիսի քաղաքների դիմադրությունը, որոնք 1167 թ. միավորվեցին Լոմբարդական լիգայի մեջ։ Լոմբարդական լիգային հաջողվեց կազմակերպել արդյունավետ դիմադրություն Ֆրիդրիխ I` Իտալիայում առաջխաղացման ծրագրերին և 1176 թ. ջախջախիչ պարտության մատնել կայսերական զորքերին Լենիանոյի մոտ տեղի ունեցած ճակատամարտում։ Դա ստիպեց կայսեր 1187 թ. ճանաչել հյուսիսիտալական քաղաքների ինքնավարությունը։ Բուն Գերմանիայում կայսեր դիրքերը շոշափելիորեն ամրապնդվեցին` շնորհիվ 1181 թ. Վելֆերի տիրույթների բաժանման և Հոգենշտաուֆենների տիրույթների խոշորացման։ Կյանքի վերջում Ֆրիդրիխ I մեկնեց Երրորդ խաչակրաց արշավանք, որի ընթացքում և զոհվեց 1190 թ.։

Ֆրիդրիխ Բարբարոսայի որդի և հաջորդ Հենրիկոս VI մի շարք ռազմական գործողությունների արդյունքում հաջողվեց էլ ավելի ամրապնդել կայսեր տարածքային հզորությունը` ենթարկելով Սիցիլիայի թագավորությունը, որի տիրույթները ներառում էին Սիցիլիա կղզին և Ապենինյան թերակղզու հարավային մասը։ Այդ պետության մեջ Հոգենշտաուֆենները կարողացան ստեղծել կենտրոնացված ժառանգական միապետություն` ուժեղ թագավորական իշխանությամբ և զարգացած բյուրոկրատական համակարգով, մինչդեռ բուն Գերմանիայում տարածքային իշխանների ուժեղացումը ոչ միայն թույլ չտվեց ամրապնդել միահեծան կառավարման համակարգը, այլ նաև ժառանգականության սկզբունքով գահի փոխանցումը։ 1198 թ. Հենրիկոս VI մահից հետո միանգամից ընտրվեցին երկու Հռոմի թագավոր Ֆիլիպ Շվաբացի Շտաուֆենը և Օտտո IV Բրաունշվեյգցի Վելֆը, ինչը հանգեցրեց Գերմանիայում երկպառակչական պատերազմների։

1220 թ. որպես գերմանական կայսր թագադրվեց Հենրիկոս VI որդի և Սիցիլիայի թագավոր Ֆրիդրիխ II Հոգենշտաուֆենը, որը վերսկսեց Իտալիայի նկատմամբ գերիշխանություն հաստատելու Հոգենշտաուֆենների քաղաքականությունը։ Նա գնաց Հռոմի պապ Հոնորիոս III հետ առճակատման, բանադրվեց և անգամ հայտարարվեց եկեղեցու թշնամի («Հակաքրիստոս»)։ Իր դիրքրեն ամրապնդելու նպատակով նա ձեռնարկեց դեպի Պաղեստին խաչակրաց արշավանք և այնտեղ հռչակվեց Երուսաղեմի թագավոր։ Ֆրիդրիխ II գահակալության տարիներին Իտալիայում ծավալվեց գվելֆերի (Հռոմի պապի կողմակիցներ) և գիբելինների (կայսեր կողմնակիցներ) պայքարը, որն ընթանում էր փոփոխական հաջողությամբ, սակայն ընդհանուր առմամբ Ֆրիդրիխ II համար բարենպաստ: Նրա զորքերին հաջողվեց վերահսկողության տակ վերցնել հյուսիսային Իտալիայի, Տոսկանայի և Ռոմանիայի մեծ մասը։ Իտալական քաղաքականության վրա կենտրոնանալը ստիպեց Ֆրիդրիխ II գնալ շոշափելի զիջումների գերմանական իշխաններին։ 1220 թ. եկեղեցու իշխանների հետ համաձայնագրով և 1232 թ. կայսերական հրովարտակով Գերմանիայի եպիսկոպոսները և աշխարհիկ իշխանները ճանաչվեցին որպես ինքնիշխան իրենց տիրույթների սահմաններում։ Այս փաստաթղթերը դարձան կայսրության կազմում կիսանկախ ժառանգական իշխանությունների ստեղծման և ի վնաս կայսեր լիազորությունների` տարածքային կառավարիչների ազդեցության ընդլայնման հետագա գործընթացի իրավական հիմքը։

Ուշ միջնադարի ճգնաժամը[խմբագրել | խմբագրել կոդը]

1250 թ․ Հոգենշտաուֆենների հարստության ընդհատումից հետո Սրբազան Հռոմեական կայսրությունում սկսվեց գահաթափուրության երկարատև շրջան (1254—1273)։ Գերմանական գահին հայտնվեցին երկու միապետ՝ Կաստիլիայի թագավոր Ալֆոնսո Իմաստունը և կոմս Ռիչարդ Կոռնուոլցին։ Ճգնաժամի հաղթահարումից և 1273 թ․ կոմս Ռուդոլֆ I Հաբսբուրգի՝ գահին հաստատվելուց հետո կենտրոնական իշխանության նշանակությունը շարունակում է հետզհետե անկում ապրել, իսկ տարածաշրջանային իշխանների դերը՝ մեծանալ։ Թեև միապետները ջանքեր էին գործադրում կայսրության նախկին հզորությունը վերականգնելու ուղղությամբ՝ գնալով առաջնային նշանակություն էին ստանում դինաստիական շահերը։ Ընտրված միապետները առաջին հերթին ձգտում էին առավելագույն կերպով ընդլայնել իրենց ընտանիքների տիրույթները։ Հաբսբուրգներն ամրանում են Ավստրիական դքսությունում, Լյուքսեմբուրգները՝ Բոհեմիայում, Մորավիայում և Սիլեզիայում, Վիթելսբախները՝ Բրանդենբուրգյան մարկկոմսույունում, Հոլանդիա և Հենեգաու կոմսություններում։ Հենց ուշ միջնադարում կայսրերի ընտրության սկզբունքը ստացավ իրական մարմնավորում՝ XIII դարի երկրորդ կեսի և XV դարի վերջ ընկած ժամանակաշրջանում կայսրն իրոք ընտրվում էր մի քանի թեկնածուներից, իսկ իշխանության ժառանգական փոխանցման փորձերը սովորաբար հաջողություն չէին ունենում։ Կտրուկ աճեց խոշոր տարածաշրջանային իշխանների ազդեցությունը կայսրության քաղաքականության վրա, ընդ որում յոթ առավել հզոր իշխանները իրենց վերապահեցին կայսեր ընտրելու և գահընկեց անելու բացառիկ իրավունքը։ Դա ուղեկցվում էր մանր և միջին ազնվականության ամրապնդմամբ, Հոգենշտաուֆենների կայսերական տիրույթի կազմալուծմամբ և ավատական երկպառակությունների աճով։

Դրա հետ մեկտեղ, Իտալիաում վերջնականապես հաղթանակ տարավ գվելֆերի կուսակցությունը, և կայսրությունը կորցրեց իր ազդեցությունը Ապենինյան թերակղզու վրա։ Արևմտյան սահմաններին ուժեղացավ Ֆրանսիան, որին հաջողվեց կայսեր ազդեցությունից հանել նախկին Բունգուրդիայի թագավորության տարածքները։ Կայսերական գաղափարի որոշակի աշխուժացումը Հենրիկոս VII Լյուքսեմբուրգի գահակալության տարիներին, ով 1310—1313 թթ․ արշավեց Իտալիա և առաջին անգամ Ֆրիդրիխ II հետո թագադրվեց կայսր Հռոմում, երկար չտևեց։ XIII դարի վերջերից սկսած Սրբազան Հռոմեական կայսրությունը գնալով պարփակվում էր գերմանական հողերի վրա՝ վերածվելով գերմանական ժողովրդի ազգային պետական կազմավորման։ Դրան զուգահեռ ընթանում էր կայսերական հաստատությունների՝ պապական գերիշխանությունից ազատվելու գործընթացը։ Պապերի ավինյոնյան գերության շրջանում Հռոմի պապի դերը Եվրոպայում կտրուկ նվազեց, ինչը թույլ տվեց Գերմանիայի արքա Լյուդվիգ IV Բավարացուն և, նրա օրինակուվ, խաշար տարածաշրջանային գերմանական իշխաններին դուրս գալ պապական իշխանության ենթակայությունից։

Տարածաշրջանային իշխանությունների ամրապնդման և հարևան պետությունների ուժեղացման պայմաններում XIV դարի կայսրերի համար կայսերական գահի վարկանիշի և անկախ քաղաքականություն վարելու հնարավորության պահպանումը թույլ էր տալիս սեփական ժառանգական տիրույթների վրա հանվելը՝ Ավստրիայի դքսությունը և Վերին Շվաբիայի տարածքները՝ Հաբսբուրգի տան կայսրերի օրոք, Բավարիան և Պֆալցը՝ Լյուդվիգ IV և Չեխական թագի տիրույթները՝ Լյուքսեմբուրգների օրոք։ Նշված առումով բնութագրական է Բոհեմիայի թագավոր Կառլոս IV գահակալումը (1346—1378), որի շրջանում կայսրության կենտրոնը տեղափոխվեց Պրահա քաղաք։ Կառլոս IV հաջողվեց իրականացնել կարևոր բարեփոխում կայսրության կառուցվածքի ոլորտում՝ 1356 թ․ հաստատվեց յոթ անդամից բաղկացած կուրֆյուրստների խորհուրդ, որի կազմում ընդգրկվեցին Քյոլն, Մայնց և Տրիր քաղաքների արքեպիսկոպոսները, Չեխիայի թագավորը, Պֆալցի կյուրֆյուրստը, Սաքսոնիայի դուքսը և Բրանդենբուրգի մարկգրաֆը։ Կուրֆյուրստների խորհրդի անդամները ստացան կայսեր ընտրության բացառիկ իրավունք, ինչպես նաև կայսրության քաղաքականության ուղղությունը որոշելու հնարավորություն։ Ճանաչվեց կուրֆյուրստների տիրույթների ներքին ինքնիշխանության իրավունքը, ինչը ամրապնդեց գերմանական պետությունների մասնատվածությունը։ Դրա հետ մեկտեղ վերացվեց կայսեր ընտրության վրա Հռոմի պապի որևէ ազդեցությունը։

Կայսրության ներսում ճգնաժամի միտումները ուժեղացան 1347—1350 թթ․ ժանտախտի համաճարակից հետո, որը հանգեցրեց բնակչության թվաքանակի կտրուկ նվազմանը և շոշափելի հարված հասցրեց Գերմանիայի տնտեսությանը։ Դրա հետ մեկտեղ, XIV դ․ երկրորդ կեսը բնութագրվում է հյուսիսգերմանական առևտրային քաղաքների՝ Գանզայի, վերելքով, որը դարձավ միջազգային քաղաքականության կարևոր գործոն և մեծ ազդեցություն ձեռք բերեց սկանդինավյան պետություններում, Անգլիայում և Մերձբալթյան երկրներում։ Հարավային Գերմանիայում ևս քաղաքները վերածվեցին ազդեցիկ քաղաքական ուժի, որը հանդես էր գալիս իշխանների և ասպետների դեմ։ Սակայն XIV դ․ վերջերին տեղի ունեցած մի շարք ռազմական ընդհարումներում Շվաբիայի և Հռենոսի միությունները պարտություն կրեցին կայսերական իշխանների զորքերից։

XV դարի սկզբներին կաթոլիկ եկեղեցու պառակտման պայմաններում կտրուկ սրվեցին եկեղեցական-քաղաքական խնդիրները։ Եկեղեցու պաշտպանի գործառույթն ստանձնեց կայսր Սիգիզմունդ Լյուքսեմբուրգը, որին հաջողվեց վերականգնել պապական իշխանության միասնականությունը և կայսեր հեղինակությունը Եվրոպայում։ Սակայն կայսրը ստիպված էր երկարատև պայքար մղել կայսրության ներսում՝ Չեխիայի տարածքում ուժ հավաքող հուսիթական աղանդի դեմ։ Քաղաքների և կայսերական ասպետների վրա հենվելու կայսեր փորձերը տապալվեցին՝ այդ դասերի միջև սուր տարաձայնությունների հետևանքով։ Չհաջողվեց նաև վերջ տալ կայսրության սուբյեկտների միջև զինված հակամարտություններին։

1437 թ․ Սիգիզմունդի մահից հետո Սրբազան Հռոմեական կայսրության գահի վրա հաստատվեց Հաբսբուրգների հարստությունը, որի ներկայացուցիչները, մեկ բացառությամբ, շարունակեցին թագավորել մինչև կայսրության լուծարումը։ XV դ․ վերջին կայսրությունը գտնվում էր խորը ճգնաժամի մեջ, որն առաջ էր եկել նրա ինստիտուտների՝ ժամանակի պահանջներին չհամապատասխանելու, կայսրության ռազմական և ֆինանսական համակարգերի փլուզման, տարածաշրջանային իշխանությունների՝ կայսեր իշխանություններից ազատվելու պատճառներով։ Տարածքային իշխանությունների ներսում սկսվեց սեփական կառավարման ապարատի, ռազմական, դատական և հարկային համակարգերի ձևավորման գործընթացը, ստեղծվեցին իշխանության ներկայացուցչական օրգանները (լանդթագ)։ Ֆրիդրիխ III (1440—1493) ներքաշվեց Հունգարիայի հետ երկարատև անհաջող պատերազմների մեջ, մինչդեռ եվրոպական քաղաքականության այլ ուղղություններում կայսեր ազդեցությունը նվազում էր։ Դրա հետ մեկտեղ, կայսեր ազդեցության անկումը կայսրության ներսում նպաստում էր կայսրության կառավարման գործընթացների մեջ կայսերական դասերի ավելի ակտիվ ներքաշմանը, այդ թվում՝ համակայսերական ներկայացուցչական մարմնի՝ ռեյխսթագի ձևավորմանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Joachim Ehlers: Natio 1.5 Deutschland und Frankreich, in: Lexikon des Mittelalters, Bd. 6, Sp. 1037 f.
  2. Peter Hamish Wilson, The Holy Roman Empire, 1495–1806, MacMillan Press 1999, London, p. 2.
  3. 3,0 3,1 Whaley 2011, p. 17
  4. Peter Moraw, Heiliges Reich, in: Lexikon des Mittelalters, Munich & Zürich: Artemis 1977–1999, vol. 4, col. 2025–2028.
  5. Peter Hamish Wilson, The Holy Roman Empire, 1495–1806, MacMillan Press 1999, London, page 2; The Holy Roman Empire of the German Nation at the Embassy of the Federal Republic of Germany in London website Archived 29 February 2012 at the Wayback Machine.
  6. «History of The Holy Roman Empire»։ historyworld։ Վերցված է 28 June 2013 
  7. Whaley 2011, pp. 19–20
  8. Hans K. Schulze: Grundstrukturen der Verfassung im Mittelalter, Bd. 3 (Kaiser und Reich). Kohlhammer, Stuttgart [u. a.] 1998, p. 52–55.
  9. Peter H. Wilson, "Bolstering the Prestige of the Habsburgs: The End of the Holy Roman Empire in 1806", in The International History Review, Vol. 28, No. 4 (Dec., 2006), p. 719.
  10. Original text: Ce corps qui s'appelait et qui s'appelle encore le saint empire romain n'était en aucune manière ni saint, ni romain, ni empire. In Essai sur l'histoire générale et sur les mœurs et l'esprit des nations, Chapter 70 (1756)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 610 CC-BY-SA-icon-80x15.png