Պորտուգալիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պորտուգալիայի Հանրապետություն
República Portuguesa
Պորտուգալիայի դրոշ
Դրոշ
Պորտուգալիայի զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝
A Portuguesa
Ա Պորտուգեզա  (գրադարձություն)
Պորտուգալիայի ազգային օրհներգ


Պորտուգալիայի դիրքը
Պորտուգալիայի տեղագրական քարտեզ
Մայրաքաղաք Լիսաբոն
Ամենամեծ քաղաք մայրաքաղաք
Պետական լեզուներ պորտուգալերեն
Կառավարում նախագահական-խորհրդարանական հանրապետություն
 -  Նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոզա
 -  Վարչապետ Պեդրո Պասոս Կոելլո
Տարածք
 -  Ընդհանուր 92,212 կմ²  (111-րդ)
 -  Ջրային (%) 0,5
Բնակչություն
 -  2015 նախահաշիվը 10,825,309[1]  (58-րդ)
 -  2000 մարդահամարը 10,335,597[2] 
 -  Խտություն 117 /կմ² (97-րդ)
290 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2015 գնահատում
 -  Ընդհանուր $288.553 միլիարդ[3] (46-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $27,734[4] (61-րդ)
ՀՆԱ (անվանական) 2015 գնահատում
 -  Ընդհանուր $197.510 միլիարդ[4] (51-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $18,984 միլիարդ[5] (72-րդ)
Ջինի (2013) 34.2[6] (միջին
ՄԶՀ (2013) Green Arrow Up Darker.svg 0.822[7] (շատ բարձր) (41th)
Դրամական միավոր Եվրո (EUR)
Ժամային գոտի 0, +1
Վերին մակարդակի ազգային դոմենն .pt
Հեռախոսային կոդ ++351

Պորտուգալիա (/ˈpɔːrtʃəɡəl/ , պորտ.՝ Portugal), նախկինում նաև Փորթուգալիա, պաշտոնական անվանումը՝ Պորտուգալիայի Հանրապետություն (պորտ.՝ República Portuguesa), ինքնիշխան պետություն Հարավային Եվրոպայում՝ Պիրենեյան թերակղզու վրա[8]։ Համարվում է մայրցամաքային Եվրոպայի ամենաարևմտյան պետությունը, որն արևմուտում և հարավում սահմանակից է Ատլանտյան օվկիանոսին, իսկ հյուսիսում և արևելքում՝ Իսպանիային։ Պորտուգալա-իսպանական սահմանի ընդհանուր երկարությունը կազմում է 1214 կմ․ սա ամենաերկար միջպետական սահմանագիծն է ամբողջ Եվրոպական Միության տարածքում։ Հիմնական ցամաքային տարածքից բացի Պորտուգալիային են պատկանում նաև Ազորյան կղզիներն ու Մադեյրան, որոնք Հանրապետության կազմում ունեն ինքնավարություն։

Պորտուգալիան Եվրոպայի հնագույն պետություններից մեկն է, որի տարածքը բնակեցվել է դեռևս անհիշելի ժամանակներ առաջ։ Նախքան պետականության ստեղծումը՝ այս տարածքների համար պայքարել են կելտերը, կարթագենցիները, հռոմեացիները, իսկ հետո նաև վեստգոթերն ու գերմանները։ Պորտուգալիան որպես պետություն ստեղծվել է մուսուլմանների կողմից Պիրենեյան թերակղզում գրավված տարածքների վերանվաճման երակարատև գործընթացից՝ Ռեկոնկիստայից հետո։ 1128 թվականին տեղի է ունենում Սան Մամեդեի ճակատամարտը, որտեղ Աֆոնսու I Էնրիկեշի գլխավորած պորտուգալական ուժերը պարտության են մատնում Թերեզա Լեոնացու բանակին։ Արդյունքում՝ Պորտուգալիայի կոմսությունը հաստատում է իր ինքնիշխանությունը, իսկ Աֆոնսուն հռչակվում է արքայազն։ Շատ չանցած՝ 1139 թվականին, Օուրիկի դաշտում Աֆոնսուն վճռական հաղթանակ է տանում արաբների նկատմամբ, որից հետո էլ հռչակվում է Պորտուգալիայի թագավոր։ Հարևան պետությունները Աֆոնսուին այդ պաշտոնում ճանաչում են միայն 1143 թվականին՝ Սապորայի պայմանագրով։

15-16-րդ դարերում պորտուգալացիները ստեղծում են առաջին համաշխարհային կայսրությունը՝ դառնալով աշխարհի խոշորագույն տնտեսական, քաղաքական և ռազմական ուժերից մեկը։ Աշխարհագրական մեծ հայտնագործությունների ժամանակահատվածում պորտուգալացի ծովագնացներն արքայազն Հենրիխի հովանավորությամբ 1418 թվականից սկսում են նավարկել Աֆրիկայի արևմտյան ափերով։ Հիմնական հայտնագործությունները հայտնվում են 1488 թվականից հետո, երբ այդ տարի Բարդուղիմեոս Դիաշը հասնում է Հնդկական օվկիանոս։ 1498 թվականին Հնդկաստան է հասնում Վասկո դա Գաման։ Ավելի հեռուն գնալով՝ պորտուգալացիները 1513 թվականին հասնում են Չինաստանի ափերին։ 1522 թվականին շուրջերկրյա ճանապարհորդություն է կատարում Ֆերնան Մագելանը՝ ամբողջացնելով արևմուտքի ու արևելքի նավարկությունները։ 1415 թվականին ձևավորվում է Պորտուգալիայի կայսրությունը, որն իր մեջ ներառում էր մի շարք գաղութներ Ամերիկայում, Աֆրիկայում և Ասիայում։ Այնուամենայնիվ՝ 1755 թվականի Լիսաբոնի ավերիչ երկրաշարժը, Նապոլեոնյան պատերազմների ընթացքում երկրի բռնազավթումը և Բրազիլիայի անկախության հռչակումը նպաստեցին Պորտուգալիայի հեղինակության և ազդեցության նվազմանը։ 1910 թվականին երկրում տեղի ունեցավ հեղափոխություն, որից հետո Պորտուգալիան հռչակվեց հանրապետություն, սակայն Երկրորդ աշխարհամարտի նախօրեին երկրում հաստատվեց ֆաշիստների «Էստադո Նովո» ավտորիտար վարչակարգը, ինչն էլ հանրապետությունը փոխարինեց բռնապետությամբ։ Ժողովրդավարությունն այս երկրում վերականգնվեց միայն կակաչների հեղափոխությունից հետո՝ 1974 թվականին։ Պորտուգալիայի գաղութային վարչակարգը հիմնահատակ կործանվեց 1999 թվականին, երբ Մակաոն հանձնվեց Չինաստանին։

Պորտուգալիան զարգացած երկիր է՝ եկամտաբեր տնտեսությամբ և բնակչության բարձր կենսամակարդակով։ Այն աշխարհի երրորդ ամենախաղաղապահ երկիրն է, որն ունի կիսանախագահական կառավարման համակարգ։ Պետության գլուխը նախագահն է, որն ընտրվում է քառամյա ժամկետով։ Ըստ 2017 թվականի տվյալների՝ երկրի բնակչությունը կազմում է 10 294 289 մարդ։ Ի տարբերություն Եվրոպայի մյուս պետությունների՝ Պորտուգալիայի աշխարհի ամենամիատարր բնակչություն ունեցող պետություններից է։ Պորտուգալացիները կազմում են երկրի բնակչության 99,7 %-ը[9]։ Պաշտոնական լեզուն պորտուգալերենն է, կրոնը՝ կաթոլիկ քրիստոնեությունը։ Որպես արժույթի միավոր օգտագործվում է եվրոն։ Պորտուգալիայի մայրաքաղաքը Լիսաբոնն է, որը նաև երկրի քաղաքական, մշակութային, կրթական, առողջապահական և տնտեսական կենտրոնն է։ Երկրի անվանումն առաջացել է Պարտու նավահանգստային քաղաքի անունից։

Ներկայումս Պորտուգալիան Հյուսիսատլանտյան դաշինքի, Միավորված Ազգերի Կազմակերպության, Եվրոպական Միության, Եվրագոտու, Շենգենյան համաձայնագրի և մի շարք այլ համաեվրոպական կառույցների անդամ է։ 1996 թվականին Պորտուգալիայի նախաձեռնությամբ ստեղծվում է Պորտուգալալեզու երկրների համագործակցությունը, որին անդամակցում են մի շարք պետություններ։

Բովանդակություն

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Պորտուգալիայի պատմություն

Նախապատմական և հռոմեական ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարրաուն (կամ իսպաներեն՝ վերրակո) գրանիտե մագալիտիկ հուշարձանների համալիր է, որը հայտնաբերվել է նախապատմական Իբերիայի տարածքում՝ Իսպանիայում և Պորտուգալիայում

Ժամանակակից Պորտուգալիայի տարածքը բնակեցված է եղել տակավին հինքարեդարյան ժամանակաշրջանում։ Եվրոպայի հարավարևմտյան հատվածում գտնվող Իբերական թերակղզում պահպանվել են պալեոլիթի ժամանակաշրջանի մարդկանց հետքեր, որոնք վկայում են այն մասին, որ Պորտուգալիան մարդկային քաղաքակրթության հնագույն օրրաններից մեկն է։ Շատ ապացույցներ վկայում են, որ այստեղ ի սկզբանե հաստատվել նեանդերթալյան մարդը, իսկ ժամանակակից հումանոիդը սկսել է բնակվել թերակղզում միջին և նոր քարե դարերից ի վեր։ Պորտուգալիայի հնագույն քարանձավների հետազոտությունների արդյունքում գտնվել են որսորդական շատ գործիքներ, որոնցով տեղաբնիկները մորթել են կենդանիների կամ այլ հումանոիդների։ Այստեղից հայտնաբերվել նաև են կրակի հետքեր, որով ամենայն հավանականությամբ վերջիններս եփել են միսը։ Բրոնզի դարում Պորտուգալիայի հյուսիսում սկսում է զարգացանալ է մետաղամշակությունը։ Մերօրյա հնագիտությունը ցույց է տալիս, որ պորտուգալացիների նախնինները եղեն են կելտերը, սակայն վերջիններս ժամանակի ընթացքում ենթարկվելով ռոմանականացման մասնակիորեն փոխել են իրենց էթնոգենեզը։ Մ․թ․ա․ 1-ին հազարամյակի երկրորդ կեսին Պորտուգալիայի տարածքում բնակություն են հաստատում կելտերը, իսկ մ․թ․ա․ 4-3-րդ դարերում՝ քոչվոր անասնապահությամբ զբաղվող լուզիտանները։ Գաղութացման գործընթացից հետո Պորտուգալիայի տարածք են խուժում փյունիկեցիները, հին հույները և կարթագենացիները։ Գաղութարար կարթագենացիները երկրի հարավում հիմնադրում են Տավիրա բնակավայրը, որը հետագայում դառնում է Ալգարվի երկրամասի առևտրային կենտրոնը։ Մ․թ․ա․ 2-րդ դարում լուզիտանները համառ պայքար են մղում երկիր ներխուժած հռոմեացի զավթիչների դեմ։ Երկարատև դիմադրությունից հետո միայն մ․թ․ա․ 1-ին դարի վերջին, հռոմեական անպարտելի բանակին հաջողվում է կոտրել լուզիտանների դիմադրությունը և նրանց տարածքը դարձնել Հռոմեական Հանրապետության պրովինցիա։

Էվորայի տաճարը ամենալավ պահպանված հռոմեական շինություններից մեկն է Պորտուգալիայի տարածքում։ Այն հիմնադրվել է մեր թվարկության առաջին դարում և նվիրված է եղել որսորդության և լուսնի աստվածուհի Դիանային

Իբերիա թերակղզին հռոմեական առաջին ներխուժմանը ենթարկվել է մ․թ․ա․ 219 թվականին։ Այդ տարի Պունիկյան պատերազմներում հաղթանակած հռոմեացիները կարողացան կարթագենացիներին դուրս մղել Պորտուգալիայի ափամերձ գաղութներից։ Հուլիոս Կեսարի կառավարման վերջին տարիներին մերօրյա Պիրենեյան թերակղզին գրեթե ամբողջությամբ կցվեց Հռոմական Հանրապետությանը։ Հռոմեական տիրապետությունը, որը Պորտուգալիայի հնագույն պատմության անբաժանելի մասն է կազմում, այս տարածաշրջանում շարունակվում է շուրջ երկու հարյուր տարի։ Այդ ընթացքում տեղաբնիկ ցեղերը ենթարկվում են ստրկության և վաճառվում կայսրության տարբեր ծայրերում։ Մ․թ․ա․ 150 թվականին Պորտուգալիայի հյուսիսում՝ Վիրիատուսի գլխավորությամբ, լուզիտանները և այլ տեղաբնիկ ցեղեր բարձրացնում են ապստամբություն։ Կարճ ժամանակահատվածում նրանց հաջողվում է վերահսկողություն սահմանել Իբերիայի ամբողջ արևմտյան հատվածում։ Խուճապահար Հռոմը ստիպված է լինում ապստամբության ճնշման նպատակով երկրի արևմտյան դարպաս ուղարկել իր լավագույն լեգեոններին ու գեներալներին, սակայն լուզիտաններն անկոտրում էին և շարունակում էին վերանվաճել թերակղզու տարածքը։ Հռոմեական սենատը որոշում է փոխել երկրի ռազմավարությունը՝ կաշառելով Վիրիատուսի թիկնազորում ծառայող մի քանի դավաճանների։ Մ․թ․ա․ 139 թվականին Վիրատուսը սպանվում է, իսկ ապստամբության առաջնորդ դառնում է Թութալուսը, ով թույլ գտնվելով կարճ ժամանակ անց անձնատուր է լինում։ Հռոմը Լուսիտանիայում վերստին հաստատում է իր գաղութային վարչակարգը։ Մ․թ․ա․ 27 թվականին Լուսիտանիան ստանում է հռոմեական պրովինցիայի (վարչատարածքային միավոր Հռոմեական կայսրությունում) կարգավիճակ։ Այն իր մեջ ներառում էր ներկայիս Պորտուգալիայի ամբողջ տարածքը, Իսպանիայի Էկստրեմադուրա ինքնավար համայնքը և Սալամանկայի մի փոքր հատվածը։ Ավելի ուշ ստեղծվում է Լուսիտանիայի հյ ուսիսային պրովինցիան, որն առավել հայտնի էր Գալլիցիա անվանումով։ Պրովինցիայի մայրաքաղաքը եղել է Բրակարա Աուգուստա (մերօրյա Բրագա) քաղաքը։ Հռոմեական տիրապետությունը մեծ ազդեցություն է ունեցել Պորտուգալիայի պատմության և քաղաքակրթության կերտման գործում։ Մինչ օրս էլ երկրի տարբեր հատվածներում պահպանվել են հռոմեական դարաշրջանում կառուցված ճարտարապետական հուշարձաններ, բաղնիքներ, տաճարներ, կամուրջներ, ճանապարհներ, կրկեսներ, թատրոններ և բնակատեղիներ: Գտնվել են նաև հռոմեական կայսրերի դիմապատկերներով մետաղադրամներ և կերամիկական կտորներ։ Պորտուգալիայի այս շրջանի պատմությունը մեզ է հասել Պաուլուս Օրոսիուսի աշխատություններից։  Օգոստինոս Երանելու առաջարկով 416-417 թվականներին Պաուլուսը գրում է 7 գրքից բաղկացած «Պատմություն հեթանոսների դեմ» պատմագիտական երկը, որտեղ ներկայացնում է համաշխարհային պատմությունը հնագույն ժամանակներից մինչև գոթերի կողմից Հռոմի գրավումը։

Գերմանների թագավորությունները Պորտուգալիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմեական բրոնզե պատկերաքանդակ, որտեղ պատկերված է տիպիկ սվևյան հագուկապով գերման զինվոր։ Քանդակվել է 1-ին դարի երկրորդ կեսին։ Պահվում է Փարիզի ազգային գրադարանում, Ֆրանսիա

5-րդ դարի սկզբին գերմանական ցեղերը, մասնավորապես՝ սվևները և վանդալները, իրենց դաշնակից սարմատների ու ալանների հետ միասին ներխուժում են Պիրենեյան թերակղզի, որտեղ էլ վերջիններս հիմնում են իրենց թագավորությունը։ Սվևների թագավորությունը գերմանական հետհռոմեական թագավորություն էր, որը ստեղծվել էր նախկին Գալիցիա-Լուսիտանիա երկրամասի տարածքում։ Ալանների հետքերը նկատվել են այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Ալենկերը, Կոիմբրան և նույնիսկ ժամանակակից Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնը։ Մեր թվարկության մոտ 410 թվականին արդեն Սվևների թագավորությունը վերածվել էր պաշտոնապես ճանաչված պետության։ Նախքան երկրի ղեկն իր որդուն փոխանցելը՝ երկրի գործող առաջնորդ Հերմերիկը խաղաղության պայմանագիր է կնքում Գալիցիայի բնակիչների հետ, որից հետո միայն արքայական թագը հանձնում իր իրավահաջորդին՝ արքայազն Ռեխիլային։ Հոր մահից հետո՝ 448 թվականին, Ռեխիլան ստանձնում է երկրի միահեծան ղեկավարի պաշտոնը։

500 թվականին Պիրենեյան թերակղզին գրավվում է մեկ այլ գերմանական ցեղի՝ վեստգոթերի կողմից։ Վեստգոթերն իրենց ռազմական կենտրոնը դարձնում են Տոլեդո քաղաքը և 584-585 թվականներին գրավում Սվևների թագավորության մայրաքաղաք Բրագան (ներկայումս գտնվում է Պորտուգալիայում): Արդյունքում՝ սվևների վերջին թագավոր Աուդեկան և իր գահակից Մալարիկը ստիպված են լինում լքել երկրի գահը։ Շուտով Սվևների թագավորությունը դառնում է Հիսպանիայի վեստգոթական թագավորության վեցերորդ նահանգը։ Հաջորդ 300 տարիների ընթացքում Պիրենեյան թերակղզում շարունակաբար իշխում են վեստգոթ թագավորները։ Բարբարոսների տիրապետությունը Պորտուգալիայում և Իսպանիայում շարունակվում է մինչև 711 թվականը, երբ արքա Ռոդերիկը դավադրաբար սպանվում է։ 720 թվականին հիմնահատակ գործանվում է Վեստգոթական թագավորությունը և վերջինիս քայքայման արդյունքում Պիրենեյան թերակղզում ձևավորվում են նոր պետական կազմավորումներ։ 718 թվականին նվիրակոչվում է Աստուրիայի թագավորությունը, որի մեջ էլ միավորվում է Պորտուգալիայի հյուսիսային հատվածը։ Հարավային Պորտուգալիան գրավվում է արաբների կողմից և 929 թվականին դառնում Կորդովայի խալիֆայության տիրույթ։ Պիրենեյան թերակղզում իշխող գերմանները՝ ի դեմս սվևների, իրենց մեծ ազդեցությունն են թողել ինչպես Պորտուգալիայում, այնպես էլ Գալիցիայում և Աստուրիայում։

Արաբա-իսպանական տիրապետություն և Ռեկոնկիստա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերօրյա մայրցամաքային Պորտուգալիան՝ Իսպանիայի մեծ մասի հետ միասին, 711-ից 1249 թվականներին միավորվում է ալ-Անդալուսի թագավորության մեջ։ Անդալուսի գերակայությունը պորտուգալական և իսպանական տիրույթների վրա ավարտվում է Օմայյանների նվաճումներից հետո։ Ընդհանուր հաշվով՝ մուսուլմանական տիրապետությունը Պորտուգալիայում տևում է ավելի քան հինգ դար։ Եմենական ծագում ունեցող զորավար Մուսա իբն Նուայրը 711 թվականին անցնում է Աֆրիկան Պիրենեյան թերակղզուց բաժանող Ջիբրալթարի նեղուցը (արաբ․՝ جبل طارق‎‎` Ջաբալ Տարիկ՝ զորավար Տարիկի անունով) և 5 տարում նվաճում գրեթե ողջ Պիրենեյան թերակղզին։ Բերբերները կրոնափոխվել էին իսլամի գրեթե մեկ դար դրանից առաջ և համարվում էին «երկրորդ կարգի» արաբներ։ Իսպանիայի և Պորտուգալիայի նվաճման գործում մեծ դերակատարում ունեցան նաև սիրիացի վարձկան ձիավորները, ովքեր նույնպես արաբներին հավասար չէին դասվում։ 714 թվականին Նազիր իբն Մուսան նվաճում է թերակղում պորտուգալա-իսպանական բանակի վեջին հենակետը՝ Աստուրիայի լեռները։ Աստուրիացիների առաջնորդ Պելագիուսը Կովադոնգայում հաղթում է արաբներին ու ազատագրում լեռնային երկիրը՝ դառնալով Աստուրիայի արքա։ Այսպիսով՝ Պիրենեյան թերակղզու հյուսիսային մի հատվածում դեռևս պահպանվում է քրիստոնեական պետականությունը։

Սուրբ Հակոբոս առաքյալ Զեբեդյան Սանտիագո Մատամարոսի պատկերով

Վերջնականապես տարածաշրջանից դուրս մղելով վեստգոթերին՝ օմայյանները շարունակում են իրենց նվաճումները Պիրենեյան թերակղզում՝ հասնելով Ֆրանսիայի հարավային սահմանին։ Սակայն ֆրանկների առաջնորդ Կառլոս Մարտելը Պուատիեի դաշտում պարտության է մատնում արաբական հեծելազորին՝ կասեցնելով արաբների հետագա առաջխաղացումը Եվրոպայում։ Խալիֆայությունն իր հզորության գագաթնակետին է հասնում Վալիդ I-ի օրոք, որից հետո էլ սկսում է նրա աստիճանական թուլացումն ու ճգնաժամը։ Այդ ճգնաժամը կրում էր համակարգային բնույթ և ներառում էր բոլոր ոլորտները՝ տնտեսական, քաղաքական, կառավարման, ռազմական և այլն։ Այս ամենի տրամաբանական վախճանը հանդիսացավ Օմայյանների ստեղծած կայսրության անկումը։ 750 թվականին Դամասկոսում Օմայանները գահընկեց են արվում, և Արաբական խալիֆայության ղեկավարումն անցնում է Աբբասյանների արքայատոհմին։ Սակայն այս իրադարձությունը շրջադարձային է լինում Պիրենեյան թերակղզու քրիստոնյա պորտուգալացիների և իսպանացիների համար։

Սիրիայում Օմայանների բոլոր ներկայացուցիչները՝ բացի Աբդ ալ-Ռահմանից, սպանվում են։ Նրան հաջողվում է փախչել Եգիպտոս, ապա՝ Հյուսիսային Աֆրիկա (Մաղրիբ)։ Այս տարածքներում, սակայն, նա չի կարողանում հաստատվել, և 755 թվականին հեռանում է ալ-Անդալուս։ Իշխանը գրավում է Կորդովան և իրեն ամիրա հռչակում։ Սկզբնական շրջանում նա ձևականորեն ընդունում էր Աբբասյանների գերիշխանությունը, սակայն Աբու ալ-Աբբասին (750-754) հաջորդած երկրորդ խալիֆի՝ Աբու Ջաֆար ալ-Մանսուրի ժամանակ՝ 765 թվականին, ալ-Անդալուսն ապստամբում է կենտրոնական իշխանության դեմ և դառնում ինքնուրույն։ Այն կարողանում է հաստատել իր իշխանությունը հաստատել Պիրենեյան թերակղզու տարածքում և շրջակա կղզիների վրա։

Այսպիսով՝ Պորտուգալիայի հարավային հատվածը հայտնվում է մի արաբահպատակ Կորդովայի ամիրայության տիրապետության տակ, իսկ հյուսիսային հողերը միավորվում են քրիստոնյա Լեոնի թագավորության կազմի մեջ։ Լեոնի թագավորությունը Պիրենեյների միակ քրիստոնյա երկրի՝ Աստուրիայի թագավորության մասն էր, որը հիմնադրվել էր Օմայյան խալիֆայության կողմից Վեստգոթական թագավորության նվաճումից հետո։ Այն կարևոր դերակատարում է ունեցել Ռեկոնկիստայի՝ Պիրենեյան թերակղզու քրիստոնյա բնակչության երկարդարյա պայքարում։ 929 թվականին Կորդովայի ամիրայությանը փոխարինում է Կորդովայի խալիֆայությունը։

Պորտուգալիայի կոմսության հռչակում[խմբագրել | խմբագրել կոդը]

718 թվականին Պիրենեյների քրիստոնյաների առաջնորդ է ընտրվում վեստգոթ արիստոկրատ Պելագիուսը։ Պելագիուստ նոր դարաշրջան է ազդարարում Եվրոպայի հարավարևմտյան հատվածում ծվարած արաբահպատակ թերակղզու բնակիչների համար՝ հիմք դնելով Ռեկոնկիստայի պայքարի հաջողությունների սկզբին։ Ալֆոնսո III-ի պատմագիր Ռոտենսիան Քրոնոկլի հավաստմամբ Պելագիուսին եղել է Տոլեդոյի արքաների ժառանգը։ Նախքան առաջնորդ դառնալը՝ Պելագիուսը ապստամբություն է բարձրացնում Խիխոնում, սակայն պարտվում է։ Վեստգոթ ռազմահրամանատարը մեծ ժողովրդականություն և հեղինակություն է վայելում հատկապես Կովադոնգայի ճակատամարտում տարած վճռական հաղթանակից հետո։ Կովադոնգայի ճակատամարտը տեղի է ունեցել 718 թվականին՝ ազատատենչ աստուրիացիների և օմայյան բանակի միջև։ Չնայած թվային առավելության՝ արաբ բերբերները ջախջախիչ պարտություն են կրում։ Սա արաբական բանակի առաջին պարտությունն էր Պիրենեյան թերակղզում, ինչն էլ ազդարարեց Ռեկոնկիստայի սկիզբը։ Համաձայն Կովադոնգայի ճակատամարտի վերաբերյալ ամենատարածված հիպոթեզների (հիմնականում՝ աստուրիական աղբյուրների համաձայն, որոնք հղվում են մուսուլմանական գրագրություններին)՝ ճակատամարտի սկիզբն ազդարարել են աստուրիացիները՝ բերբերների շարասյան վրա ժայռերից հարձակվելով։ Այնուհետև կռիվը տեղափոխվում է դեպի Խիխոն տանող հովիտներ, որտեղ վճռական տրամադրված քրիստոնյաները մարտնչում են մինչև վերջ։ Արաբական բանակախումբը գրեթե ամբողջովին ոչնչանում է, իսկ ողջ մնացածները մահանում են ճանապարհին։ Պելագիուսի առաջնորդության տարիներին հաճախակի երևույթ դարձան արաբ բերբերների վրա հարձակումները։ Արյունարբու մարտերից հետո արաբների առաջնորդ Մունուզան որոշում է հրաժարվել Խիխոնից և տեղափոխվեց Պլատեու, որտեղ էլ սպանվում է լեռնաբնակ աստուրիացիների կողմից։ Պելագիուսը շարունակում է իր հաղթարշավը և հարձակվում Լեոնի թագավորության վրա, որպեսզի պաշտպանի լեռնային հատվածները բերբերների հարձակումներից։ Պելագիուսի կողմից Կովադոնգայի ճակատամարտում տարած հաղթանակից հետո ստեղծվում է Աստուրիայի թագավորությունը։ Թագավորներն այս երկրում իրենց կոչում էին «ռեքս», սակայն այս անվանումը գործում է մինչև Ալֆոնսո II-ի իշխանության գալը։

Անկախ պետականություն՝ Պորտուգալիան Աֆոնսու I-ի օրոք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտուգալական պետության առաջին իշխան՝ Վիմարանո Պերես

Հենրիի որդի կոմս Աֆոնսու էնրիկիշը մավրերի դեմ տարած խոշոր հաղթանակից (1139) հետո իրեն հռչակել է թագավոր։ Պորտուգալիայի անկախությունը Լեոնը ճանաչել է 1143-ին։ 13-րդ դարի կեսին Պորտուգալիայի տարածքը ամբողջովին հետ է նվաճվել մավրերից։ 12-13-րդ դարերում Պորտուգալիայում ձևավորվել են ֆեոդալական հարաբերությունները, գյուղացիության հիմնական մասը անձնական կախման մեջ է ընկել ֆեոդալներից, բայց պահպանվել է ագատ գյուղացիության զգալի խավ։ Շնորհիվ Պորտուգալիայի հարմար աշխարհագրական դիրքի արագորեն զարգացել են քաղաքները՝ Լիսաբոն, Պորտու, Բրագա, Կոիմբրա, Լագուշ և այլն։ 13-րդ դարում ձևավորվել են կորտեսները։ 14-15-րդ դարերում Պորտուգալիայի թագավորները վարել են պետական իշխանության կենտրոնացման քաղաքականություն, ճնշել խոշոր ֆեոդալների խռովությունները, հենվել ծառայող ազնվականության ու կաթոլիկ եկեղեցու վրա։ Խուան 2-րդ թագավորի (1481 - 1495) օրոք հատկապես դրսևորվել է թագավորական իշխանության ուժեղությունը․ նա սահմանափակել է խոշոր ֆեոդալների իրավասությունները, դաժանորեն ճնշել 1483-1484-ի ֆեոդալական խռովությունը։

Աշխարհագրական մեծ հայտնագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաղութատիրական ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացարձակապետության ամրապնդման հետ է կապված արտաքին զավթումների քաղաքականությունը։ Ծովային առաջին արշավանքների կազմակերպիչն էր արքայազն Հենրի Ծովագնացը։ Պորտուգալացիները զավթեցին Պորտու Սանտու (1419), Մադեյրա (1420) կղզիները, Ազորյան մի շարք կղզիներ (1432), հենակետեր ստեղծեցին Աֆրիկայի արևմտյան ծովափին։ Վասկո դա Գամայի կողմից Հնդկաստան տանող ծովային ուղու հայտնագործումը (1498) սկզբնավորեց պորտուգալացիների նվաճումները Արևելյան Աֆրիկայում, Հնդկաստանում, Հարավ-Արևելյան Ասիայում։ XVI դ․ 40-ական թթ․ նվաճվեց Բրազիլիան։ Առավել հզորության Պորտուգալիան հասել է Մանուել I թագավորի (1495-1521) օրոք (զավթվեցին Մոզամբիկը, Գոան և Դիուն (Հնդկաստանում), Մալակկան, Օրմուզը, Մալայան արշիպելագի մի քանի կղզիներ)։ Հեռավորարևելյան ամբողջ առևտուրն անցավ պորտուգալացիների ձեռքը։ Գաղութների կողոպուտից ստացված եկամտի մեծ մասը բաժին էր ընկնում ֆեոդալական և եկեղեցական վերնախավին։ Հսկայական հարստության մուտքը մետրոպոլիա տնտեսական վերելք ապահովեց Պորտուգալիային։

Պորտուգալիայի տրոհում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտուգալիան XII դարում

XVI դ․ 2-րդ կեսից սկսվեց տնտեսական անկումը։ 1581-ին Իսպանիան նվաճեց Պորտուգալիան։ 1640-ին պորտուգալացիներն ապստամբեցին, որի հետևանքով Պորտուգալիան անջատվեց Իսպանիայից։ Թագավոր հռչակվեց Բրագանսայի դուքսը՝ Ժուան IV (1640-1656) անվամբ։ 1668-ին միայն Իսպանիան ճանաչեց Պորտուգալիայի անկախությունը։ Իսպանական ժառանգության (1701-1714) համար պատերազմի մեջ ներքաշվելով Անգլիայի և Հոլանդիայի կողմում, Պորտուգալիան փաստորեն կախման մեջ ընկավ Անգլիայից։ Տնտեսական և մշակութային որոշ վերելք նկատվեց ժոզե I-ի (1759 - 1777) օրոք, երբ երկրում անցկացվեցին բարենորոգումներ, այսպես կոչված, լուսավորյալ բացարձակապետության ոգով։ Նապոլեոնյան պատերազմների ժամանակ Պորտուգալիան 1807-ին օկուպացրին ֆրանսիական զորքերը։ Թագավորական ընտանիքն ու արքունիքը փախան Բրազիլիա։

Պորտուգալիա պետության ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

1808-ին պորտուգալացի ժողովուրդը ապստամբեց ֆրանսիական տիրապետության դեմ։ 1811-ին ֆրանսիացիները ստիպված հեռացան երկրից։ 1820-ին Պորտուգալիայում սկսվեց բուրժուական հեղափոխություն, որի հիմնական պահանջն էր սահմանադրական միապետության հաստատումը։ 1822-ին ընդունվեց լիբերալ սահմանադրություն, նույն տարին Բրազիլիան իրեն անկախ հռչակեց և անջատվեց Պորտուգալիայից։ Սակայն կորտեսների ընդունած առաջադիմական ռեֆորմների զգայի մասը չիրագործվեց լիբերալ բուրժուազիայի երկչոտության պատճառով։ 1824-ին արքայազն Միգել Բրագանսացու շուրջը համախմբված ֆեոդալակղերական տարրերը պետական հեղաշրջում կատարեցին, երկրում սկսվեց քաղաքացիական պատերազմ, որն ավարտվեց սահմանադրականների հաղթանակով։ 1834-ին Միգել Բրագանսացին ստիպված էր հրաժարվել գահից։ Շուտով սահմանադրականների ձախ թևը հանդես եկավ 1822-ի լիբերալ սահմանադրությունը վերականգնելու պահանջով։ Լիսաբոնում բռնկվեց ապստամբություն, որը 1836-ին վերածվեց բուրժուական հեղափոխության։ Իշխանության գլուխ անցան ձախ սահմանադրականները կամ սեպտեմբերականները, որոնց 1842-ին դուրս մղեցին աջ սահմանադրականները։ Միավորվելով կղերաֆեոդալական տարրերի հետ, աջ սահմանադրականները կազմեցին արտիստների «Կարտիշտա» պահպանողական կուսակցությունը։ Չարտիստների պարագլուխ գեներալ Կաբրալը հաստատեց ռազմական դիկտատուրա։ 1846-1847-ի ժողովրդական ապստամբությունը ճնշվեց բանակի և օտար ինտերվենտների օգնությամբ։ 1851-ին խարտիստների ձախ թևից և սեպտեմբերականներից կազմվեց «Ռեջեներադուշ» («Վերածնունդ») կուսակցությունը, որի ղեկավար Սալդանյան 1851-1856-ին գլխավորեց կառավարությունը, իրականացվեցին մի շարք լիբերալ սահմանափակ ռեֆորմներ, որոշ տնտեսական և ֆինանսական միջոցառումներ, կառուցվեց առաջին երկաթուղին (1853)։ Կապիտալիզմի զարգացման ու պրոլետարիատի քանակի աճի հետ Պորտուգալիայում առաջ եկավ սոցիալիստական շարժում․ 1875-ին ստեղծվեց սոցիալիստական կուսակցությունը։ Միաժամանակ ուժեղացավ հանրապետական շարժումը, ստեղծվեց հանրապետական կուսակցությունը։ XX դ․ սկզբին հանրապետական տրամադրությունները թափանցեցին բանակ և նավատորմ։ 1910-ի բուրժուական հեղափոխությունը վերացրեց միապետությունը։ Պորտուգալիան հռչակվեց հանրապետություն։ Սակայն պահպանվեցին կիսաֆեոդալական ուժեղ մնացուկներ և եկեղեցու զորեղությունը։

Առաջին աշխարհամարտ և հետպատերազմյան շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտուգալական Կայսրությունը 1800 թվականին

Պորտուգալիան առաջին համաշխարհային պատերազմին (1914-1918) մասնակցեց Անտանտի կողմում՝ 1916-ին պատերազմ հայտարարելով Գերմանիային։ Պորտուգալիայում ուժեղացավ հեղափոխական ու դեմոկրատական շարժումը, 1919-1920-ին նկատվեց գործադուլային շարժման վերելք։ Տնտեսական և քաղաքական ճգնաժամի աճի պայմաններում 1926-ին երկրում հաստատվեց գեներալ Կարմոնայի բռնատիրական վարչակարգը։ 1932-ին կառավարությունը գլխավորեց Ա․ դի Օլիվեյրա Սալազարը, ով հենվելով կալվածատերերի, ֆինանսիական օլիգարխիայի և եկեղեցական վերնախավի վրա ֆաշիստականացրեց երկիրը, արգելվեցին բոլոր կուսակցությունների գործունեությունը։ Իսպանիայի հեղափոխական պատերազմի (1936-1939) ժամանակ Պորտուգալիան աջակցում էր իսպանացի ֆաշիստներին և իտալա-գերմանական ինտերվենտներին։

Երկրորդ աշխարհամարտ և հետպատերազմյան շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտուգալիան 1000-2000 թվականներին

Երկրորդ համաշխարհային պատերազմում (1939-1945) Պորտուգալիան ձևականորեն չեզոք դիրք էր գրավում, բայց օգնում էր ֆաշիստական խմբավորմանը‌[փա՞ստ]։ 1940-ական թթ․ վերջին Պորտուգալիան սատարեց ԱՄՆ-ին, ընդգրկվեց «ՆԱՏՕ-ի կազմում (1949), ստորագրեց (1950) «անվտանգության փոխապահովման» ամերիկապորտուգալական համաձայնագիրը։ 1950-1970-ական թթ․ սկիզբը նշանավորվեց դեմոկրատական, հակաբռնապետական լայն շարժումներով։ Հակառակ արգելող օրենքին տեղի էին ունենում գործադուլներ, ցույցեր, որոնք ճնշվում էին ամենայն դաժանությամբ։ 1968սեպտեմբերին, Սալազարի ծանր հիվանդության պատճառով կառավարության ղեկավար և փաստական դիկտատոր դարձավ Մ․ Կաետանուն, որն իր դիրքերն ամրապնդելու նպատակով անցկացրեց որոշ ռեֆորմներ։ 1950-ական թթ․ պորտուգալական գաղութներում (1951-ից՝«անդրծովյան նահանգներ») ստեղծվեցին քաղաքական կուսակցություններ, որոնք գլխավորեցին ազգային-ազատագրական շարժումը Անգոլայում, Գվինեա Բիսաուում։ Հայրենասիրական ուժերը գաղութարարներից ազատագրեցին զգալի տարածք, ստեղծեցին իշխանության տեղական մարմիններ։ 1973-ին Գվինեա Բիսաուն հռչակվեց անկախ հանրապետություն։ Դեռևս 1961-ին պորտուգալական տիրապետությունից ազատագրվել էին Գոան, Դաման և Դիուն և վերամիավորվել Հնդկաստանին։ Գաղութային պատերազմը հյուծում էր Պորտուգալիայի տնտեսությունը, դժգոհություն առաջ բերում բնակչության մեջ և բանակում։ 1974ապրիլի 25-ին ապստամբ զորքերը մտան Լիսաբոն։ Կաետանուի կառավարությունը տապալվեց, փոխվեցին «անդրծովյան նահանգների» նահանգապետները, կրվեցին Ազգային ժողովը, Պետական խորհուրդը, Ազգային ժողովրդական գործողության ֆաշիստական կուսակցությունը, ազատ արձակվեցին քաղբանտարկյալները։ Գեներալ դի Սպինոլան հռչակվեց նախագահ, ստեղծվեց ժամանակավոր կառավարություն, որի մեջ մտան նաև ՊԿԿ գլխավոր քարտուղար Ա․ Կունյալը և սոցիալիստական կուսակցության գլխավոր քարտուղար Ս․ Սոարիշը։ Ներքաղաքական սուր պայքարը, Զինված ուժերի շարժման ներսում եղած հակասություններն ու կոնֆլիկտները, ձախերի շարքերում միասնության բացակայությունը, տնտեսական դժվարությունները և արևմտյան երկրների քաղաքական և տնտեսական ճնշումը 1975-ի վերջին լրջորեն բարդացրին իրավիճակը Պորտուգալիայում։ Չնայած դրան, ազգայնացվեցին արդյունաբերության հիմնական ճյուղերը, բանկերը, մի շարք ձեռնարկություններում հաստատվեց բանվորական վերահսկողություն, Պորտուգալիայի հարավում սկսվեց ագրարային ռեֆորմի անցկացում և այլն։

Պորտուգալիայի ներկայիս նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոզան

1975ապրիլին տեղի ունեցան Սահմանադիր ժողովի ընտրություններ, որոնք ավարտվեցին կառավարական կոալիցիայի հաղթանակով։ 1976ապրիլին ընդունվեց հանրապետության սահմանադրությունը, որը երաշխավորում էր պորտուգալացիների քաղաքացիական իրավունքներն ու դեմոկրատական ազատությունները։ 1978-1980-ին հաջորդաբար կառավարեցին Ա․ Նոբրե դա Կոշտայի, Կ․ Սոտա Պինտուի, Մ․ դի Լուրդիշ Պինտասիլգուի, Ֆ․ Սա Կառնեյրուի կոալիցիոն կառավարությունները։ 1980հոկտեմբերին տեղի ունեցան հերթական պառլամենտական ընտրությունները։ Ձայների մեծամասնությունը (47,5%) շահեց Դեմոկրատական ալյանսը (ԴԱ)։ «Հանուն ժողովրդի միասնության դաշինք»-ը ստացավ քվեների 16,7%-ը։ 1980դեկտեմբերի նախագահական ընտրություններում կրկին հաղթեց սոցիալիստական կուսակցության և ՊԿԿ թեկնածու գեներալ Ա․ Ռամալյու էանիշը։ 1981հունվարին կազմվեց ԴԱ-ի նոր կառավարություն սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Ֆ․ Պի՝ նտու Բալսեմաուի գլխավորությամբ։

Պետական կարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտուգալիան խորհրդարանական հանրապետություն է։ Նախագահն ընտրվում է ընդհանուր քվեարկությամբ 5 տարի ժամկետով։ Կառավարությունը ղեկավարում է վարչապետը, որը, որպես կանոն, հանդիսանում է Ազգային ժողովի ընտրություններում ամենաշատ ձայներ հավաքած կուսակցության ղեկավարը։ Վարչապետը ձևավորում է իր աշխատակազմը։ Խորհրդարանը (Հանրապետության ասամբլեան) ընտրվում է կուսակցական ցուցակներով 4 տարի ժամկետով։ Խորհրդարանի կազմի մեջ մտնում են 230 պատգամավորներ։ Պորտուգալիայի կառավարությունը նախարարների խորհուրդ է, որը կազմված է 14 նախարարներից։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտուգալիայի ֆիզիկական քարտեզ

Ափերը ցածրադիր են, ավազային, թույլ կտրտված, միայն Տեժու (Տախո) և Սադու գետերի գետաբերանային մասում ծովի ջրերը ցամաքի մեջ խորանալու հետևանքով առաջացրել են խորշեր ու էստուարներ։

Ռելիեֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրի հյուսիսային մասը հիմնականում զբաղեցված է Մեսետա սարահարթի խոր կտրտված ծայրամասով, որտեղ բարձրանում են բյուրեղային առանձին զանգվածներ։ Գերիշխում են 1000-1200 մ բարձրությունները, առավելագույնը՝ 1991 մ (Սեռադա էշտրելա լեռնաշղթայում)։ Արևմուտքում լեռները զառիվայր իջնում են դեպի ափամերձ հարթավայրերը։ Տեժու գետից հարավում Պորտուգալական դաշտավայրի մեծ մասն է, որտեղ հարթավայրային տեղամասերը հերթագայվում են ոչ բարձր բլրաշարերով։ Ծայր հարավում Սեռա դա Ալգարվի (բարձրությունը մինչև 902 մ) լեռներն են, որոնց հարավային լանջերը զառիվայր իջնում են դեպի ափամերձ դաշտավայրը։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտուգալիան այժմ գտնվում է վերակառուցման գործընթացում։ Մինչև 2003 թվականը Պորտուգալիայի տարածքը բաժանվում էր 18 շրջանների, 308 մարզերի և շուրջ 4260 համայնքների («ֆրեգեզի»)։

Երկրաբանական կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտուգալիայի հյուսիսային և հարավային լեռնային շրջանները կազմված են մինչքեմբրիի և պալեոզոյան բյուրեղային թերթաքարերից, գնեյսներից, քվարցիտներից և ավագաթերթաքարային շերտախմբերի հաստվածքներից ու հերցինյան ծալքավորությամբ շարունակվում են մինչև Մեսեաա սարահարթը և Ուելվա զանգվածը։ Մեծ տարածություն են զբաղեցնում ուշ, պալեոզոյան հասակի գրանիտների ելքերը։

Օգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտակար հանածոներից կան վոլֆրամի, անագի, կրաքարի, պղնձի, երկաթի, ուրանի, բերիլի, քարածխի հանքավայրեր։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման մերձարևադարձային, միջերկրածովյան է՝ շոգ ամառով և անձրևային ձմեռով։ Ատլանտյան օվկիանոսը բարերար ազդեցություն է թողնում կլիմայի վրա։ Միջերկրական ծովի ափամերձ շրջաններում նկատվում են բրիզներ։ Հունվարի միջին ջերմաստիճանը ափամերձ մասերում մոտ 10 °C է, ներքին շրջաններում՝ 7-8 °C, հուլիսինը համապատասխանաբար՝ 20 °C և 25-27 °C, տարեկան տեղումները՝ ափամերձ շրջաններում 400 մմ են, հյուսիսում մինչև 800 մմ, լեռներում՝ 1200-2500 մմ։

Ներքին ջրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետային ցանցը խիտ է։ Խոշոր գետերն են Դորուն (Դուերոն), Տեժուն և Գվադիանան։ Սնումը հիմնականում անձրևային է։ Վարարում են ձմռանը և գարնանը, նվազում՝ ամռանը, ունեն հիդրոէներգետիկ մեծ պաշարներ, օգտագործվում են ոռոգման համար։

Հողեր և բուսականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսում՝ լեռներում, տարածված են լեռնաանտառային, պոդզոլային, կենտրոնում և հարավում՝ գորշ և շագանակագույն, ափամերձ շրջաններում՝ ճահճային, տեղ-տեղ՝ աղուտային հողեր։ Երկրի հարավային շրջաններին բնորոշ է միջերկրածովյան տիպի բուսականությունը, ցամաքի խորքում տարածված են մակվիսի մացառուտները՝ հավամրգի, օրոճի, խնկածառի ծառատեսակներով։ Անտառներն զբաղեցնում են տարածքի 5%-ը։ Լեռներում հանդիպում են կաղնու, շագանակենու անտառներ, ափամերձ շրջաններում՝ սոճու, էվկալիպտի պուրակներ։ Լեռներում մեծ տարածում ունեն մարգագետինները։

Կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտուգալիայի բնակչության խտությունը քարտեզի վրա

Միջերկրածովյան տիպի է, Միջին Եվրոպային հատուկ տեսակների լայն տարածմամբ (գայլ, աղվես, կզաքիս և այլն) և հյուսիս-աֆրիկյան ֆաունայի ներկայացուցիչներով (ալժիրական ոզնի, իսպանական նապաստակ)։ Շատ են կրծողները, չղջիկները, թռչուններն ու սողունները։ Ջրերը հարուստ են ձկներով։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտուգալիան աշխարհի առավել միատարր ազգային կազմ ունեցող երկրներից է։ Բնակչությունը ավելի քան 99%-ը պորտուգալացիներ են[10], բնակվում են նաև 50 հզ․ օտարերկրացիներ։ Պաշտոնական լեզուն պորտուգալերենն է, կրոնը՝ կաթոլիկությունը, պաշտոնական տոմարը՝ գրիգորյանը։ Բնակչության խտությունը 1 կմ2 վրա 106 մարդ է, ափամերձ մի քանի շրջաններում և կղզիներում՝ մինչև 200 մարդ։ Խոշոր քաղաքներն են Լիսաբոնը, Պորտուն։

Լեզու[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտուգալիան մոնոէթնիկ երկիր է, պաշտոնական լեզուն է պորտուգալերենը, որով աշխարհի 3 մայրցամաքներում խոսում են շուրջ 184 մլն մարդիկ (ամենից մեծ պորտուգալախոս երկիրը Բրազիլիան է)։

Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության 81%-ը կաթոլիկներ են[11]: Մնացյալ քրիստոնյաները կազմում են բնակչության մոտ 3,3%-ը[11]: Իսլամադավանները կազմում են բնակչության 0,6%-ը[11]: Լիսաբոնի և Պորտուի բնակչության 200 հազարը հրեաներ են։ Բնակչության մոտ 6,8%-ը աթեիստներ են[11]:

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիսաբոն՝ Պորտուգալիայի տնտեսական և ֆինանսական կենտրոնը

Պորտուգալիան զարգացած արդյունաբերական երկիր է։ Հնուց ի վեր համաշխարհային շուկա է արտահանում գինիներ։ Որոշ գինիների անվանումներ դարձել են հատկանշական, օրինակ՝ պորտվեյն, մադեյրա, մուսկատել և այլն, պահածոյացած սարդինա ձուկ, խցանանյութ։ Մեքնաշինության ճյուղերից առանձնանում են նավաշինությունն ու նավանորոգումը։ Զարգացած է նաև քիմիական արդյունաբերությունը։ Մանածագործական արտադրանքի մեծ մասն արտահանվում է։ Արգավանդ են Պորտուգալիայի հողերը։ Աճում են ցորեն, եգիպտացորեն, խաղող, նարնջենի, ձիթենի, խցանակաղնի։ Խաղողագործությունը, պտղաբուծությունը, ձիթապտղի մշակումը տարածված է ամենուրեք՝ հատկապես ափամերձ շրջաններում, Տեժու և Դորու գետերի հովիտներում։

Արտաքին առևտուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտահանումը 2014-ին կազմել է 66.3 միլիարդ ԱՄՆ դոլար[12]: Հիմնականում արտահանվում է գյուղատնտեսական արտադրանք, սննդամթերք, գինի, քիմիական արտադրանք, փայտ, տեքստիլ իրեր, հագուստ, կոշիկ և այլն[12]: Արտահանման հիմնական գործընկերներն են՝ Իսպանիան, Ֆրանսիան, Գերմանիան, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Անգոլան, Նիդեռլանդները[12]: Նմուծումը կազմել է 76,1 միլիարդ ԱՄՆ դոլար[12]: Հիմնականում ներմուծվում է գյուղատնտեսական ապրանքներ, քիմիական նյութեր, տրանսպորտային միջոցներ, համակարգչային պարագաներ, նավթամթերք, տեքստիլ նյութեր[12]: Ներմուծման հիմնական գործընկերներն են՝ Իսպանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Նիդեռլանդները[12]:

Տուրիզմը Պորտուգալիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտուգալիան աչքի է ընկնում նաև տուրիզմի առումով։ 2013 թվականին Պորտուգալիան ընդունել է շուրջ 8.100.000 այցելուների[13]: Պորտուգալիայի տուրիստական թեժ կետերն են՝ Լիսաբոնը, Ալգարվեն, Մադեյրան, Դուերոն, Պորտու-Սանտոն և Ալենտեժուն։
Պորտուգալիայի ամենահայտնի հանգստյան գոտիներն են՝

  • Costa Verde (Կանաչ ափ) - Պորտուգալական կանաչ ափը ներառում է Պորտուգալիայի ողջ հյուսիսային ափը՝ Մինյո գետից մինչև Պորտու գետը։
  • Costa da Prata - Արծաթե ափ. Կենտրոնական Պորտուգալիայի ծովափնյա շրջանը՝ Պորտու քաղաքից մինչև Լիսաբոն։
  • Costa de Lisboa - Լիսաբոնի և քաղաքամերձ ծովափերը.
  • Montanhas - Հյուսիսային Պորտուգալիայի լեռնային և ներքին շրջանները, մասնավորապես Սերրա-դա-Էշտրելան
  • Planícies - Պորտուգալական հարթավայրերը Ալանտեժուից սկսած դեպի հարավ
  • Algarve - Պորտուգալիայի հարավային ափերը
  • Madeira - Հանրահայտ Մադեյրայի կղզիները
  • Açores - Ազորյան կղզիախումբը

Քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիսաբոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիսաբոն

Պորտուգալիայի մայրաքաղաքն է։ Այն աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է։ Այն ամբողջովին հագեցած է իր բազմադարյա պատմությամբ։ Նրա նեղ փողոցներն ու պալատները ամբողջովին տեղափոխում են միջնադար և մարդ կորցնում է ժամանակի զգացողությունը։ Սակայն մյուս կողմից Լիսաբոնը ժամանակակից մեգապոլիս է՝ զարգացած ենթակառուցվածքով և ժամանցի վայրերով։ Շնորհիվ այս անսովոր, բայց և ներդաշնակ համադրությանը՝ Լիսաբոնը համարվում է ամենահեղինակավոր մայրաքաղաքներից մեկը։ Լիսաբոնի տեսարժան վայրերն են՝ Ռոսիո հրապարակը, Ռեշտաուրադորեշ հրապարակը, Մարկիզա դե Պոմբալ հրապարակը, Պրասա դու Կոմերսիու հրապարակը, Ռատրու հրապարակը, Ամորեյրաշ հրապարակը, Ազգային թատրոնը, Ազգային ժողովի Պալատը, Պալասիո-Ֆոշ Պալատը, Միտրա Պալատը, Ազատության պողոտան, Էդուարդ VII-ի այգին, Սան Բենտու փողոցը, Սուրբ Վինսետ դո Ֆորի եկեղեցին, Բելեն աշտարակը, Քրիստոսի արձանը, Ապրիլի 25-ի կամուրջը, Լիսաբոնի պատմության թանգարանը, Կերամիկայի թանգարանը և այլն։

Պորտու[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրի հյուսիսում գտնվող միակ խոշոր քաղաքի բնակչությունը կազմում է ավելի քան 500 հազար մարդ։ Պորտուն Պորտուգալիայի հնագույն քաղաքներինց մեկն է, նրա նախկին մայրաքաղաքը, որն իր անունն է տվել պետությանը։ Երբևէ Դորու գետի ձախ ափին էր գտնվում Պորտուս բնակավայրը (լատիներենից թարգմանաբար նշանակում է «ապաստան»), իսկ աջ ափին՝ Կալեն (հունական Կալոս անունից, որը նշանակում է «հրաշալի»)։ Այս երկու բնակավայրերի անուններով էլ երկիրը անվանվեց Պորտուկալե։ Պորտուի բնակիչները լիսաբոնցիներից տարբերվում են պակաս իդեալիզմով, նրանց բնորոշ է բանականությունը։ Նրանցից շատերի համար դեռևս խորթ է երկրորդը լինելու դերը։ Ամենագեղեցիկ տեսարժան վայրերից մեկն է համարվում երկխցիկ կամուրջը։ Քաղաքի հենց կենտրոնում տեղակայված է շքեղ Մայր տաճարը՝ XII դարում այն եղել է վանք-ամրոց։ Անմիջապես նրա կողքին է գտնվում բարոկկո ոճով կառուցված Եպիսկոպոսի պալատը։ Պորտուի խորհրդանիշերից է համարվում Քլերիգոշ աշտարակը՝ Պորտուգալիայի ամենաբարձր եկեղեցական աշտարակը (75 մ)։ Հարևանությամբ գտնվող Վիլա Նովա դե Գայայում արդեն 300 տարի գտնվում են պորտվեյնի պահպանման հատուկ նկուղները։ Հենց այստեղ է տեղակայված իր տեսակի մեջ յուրահատուկ Պորտվեյնի թանգարանը։

Կոիմբրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտու

Փոքրիկ համալսարանական քաղաքը ձգվում է Մոնդեգո գետի երկայնքով։ Նրա բնակչությունը կազմում է 100 հազար՝ մշտական բնակիչներ և 20 հազար ուսանող։ Ուսանողները մինչ այսօր ներկայացնում են քաղաքի դեմքը։ Եվրոպայի ամենահին համալսարաններից մեկը գործում է XII դարից։ Նրան բազում անգամներ տեղափոխել են Լիսաբոն և հակառակը, մինչև որ 1537 թվականին այն հաստատվեց թագավորական նստավայրում։ Ճարտարապետական հուշարձաններից առանձնանում է Հին տաճարը, Նոր տաճարը և Սանտա Կռուզ վանքը։

Կոստա դու Սոլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոստա դու Սոլը (պորտուգալերենից թարգմանաբար նշանակում է «արևային ափ»), ատլանտյան քամիներից պահպանված առողջարան է՝ պորտուգալացիների ամենասիրելի հանգստավայրերից մեկը։ Մեղմ եղանակի շնորհիվ այն արդեն XIX դարում դարձել է պորտուգալական Ռիվերա։ Էստորիլը հին դարերից սկսած եղել է արիստոկրատ քաղաք՝ հնաոճ անգլիական բարքերով։ Այստեղ կա խաղատուն և հիանալի հրապարակ գոլֆի համար։ Զբոսաշրջային Քասքեյս կենտրոնը ներառում է հին քաղաքը հետիոտնային գոտով, բազմաթիվ սրճարանները և ռեստորանները։ Շատ գրավիչ է զբոսանքը քաղաքով։ Քաղաքի խորհրդանիշն է համարվում 14-րդ դարի Թագավորական պալատը՝ արքայական խոհանոցի երկու հսկայական, կոնաձև ծխնելույզներով։ Սինտրա լեռան գագաթին բարձրանում է Le Castelo dos Mauros-ի ատամնավոր պատերը։ Պենա պալատը կառուցվել է 19-րդ դարում և լիովին համապատասխանում է հեքիաթային պալատի մասին ունեցած մեր պատկերացումներին։ Լիսաբոնից 20 կմ հեռավորության վրա է գտնվում Կոստա դե Կապարիկան, որն հայտնի է իր այգիներով, լողափերով և հրաշալի գինով։

Առողջապահություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով 2014-ին ծնունդը կազմել է 1000 բնակչին՝ 9,28[14], մահացությունը՝ 11,02[14]։ Կյանքի միջին տևողությունը 79[14] տարի է։ Մահացության հիմնական պատճառներն են սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները, չարորակ նորագոյացությունները, թոքաբորբը։ Բժիշկներ են պատրաստում համալսարանների 3 բժշկական ֆակուլտետներ։ Պորտուգալիայում հայտնի են Պեդրաշ Սալգադաշ, Վիդագու, Ալմոֆալա, Բրանկաշ, Կամարա, Արեգոշ, Ֆունշալա, Կամաշա և Սանտա Կրուշ առողջարանները։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպական երկրների համեմատությամբ անգրագիտության տոկոսը բարձր է Պորտուգալիայում։ Մինչև ֆաշիստական կարգերի տապալումը (1974) անգրագետ էր երկրի բնակչության 40%-ը, իսկ 1980-ին՝ 25-30%-ը։ 1979-ի օրենքով համընդհանուր տարրական կրթությունը հայտարարվել է պարտադիր, սակայն երկրում կան նաև մասնավոր դպրոցներ, կրթության վրա դեռես ուժեղ ազդեցություն ունի կաթոլիկ եկեղեցին։ Նախադպրոցական հիմնարկների (3-6 տարեկանների համար) մեծ մասը մասնավոր են։ 6-ամյա տարրական դպրոցը պարտադիր է 6-12 տարեկանների համար։ Պետական տարրական դպրոցում ուսուցումն անվճար է։ Լրիվ միջնակարգ դպրոցը (լիցեյ) 7-ամյա է, 3 փուլով՝ 2-3-2։ Ուսուցումը պետական և մասնավոր միջնակարգ դպրոցներում վճարովի է և ոչ պարտադիր։ Միջնակարգ դպրոցի վերջին 2-ամյա փուլում կա 2 բաժանմունք՝ հումանիտար և բնական։ 6-ամյա պարտադիր տարրական դպրոցի հիմքի վրա գործում են պրոֆտեխնիկական ուսումնական հաստատությունները (1-5-ամյա)։ Տարրական դպրոցի ուսուցիչներ են պատրաստում 2-ամյա մանկավարժական ուսումնարանները (լիցեյների 2-րդ փուլի հիմքի վրա)։ Բարձրագույն վճարովի կրթություն են տալիս համալսարանները, ինստիտուտները և քոլեջները։ Երկրում կան 11 համալսարան, 30 ինստիտուտ և քոլեջ։ Բուհ են ընդունվում լրիվ միջնակարգ դպրոցի շրջանավարտները։ Երկրի խոշորագույն բուհերից են Լիսաբոնի (հիմննադրվել է 1290-ին), Պորտուի (1911), Կոիմբրայի (հիմանադրվել է 1290-ին Լիսաբոնում, 1537-ից Կոիմբրա), Լիսաբոնի տեխնիկական (1930), ազգային կոնսերվատորիան (Լիսաբոն, 1835), արվեստների 2 բարձրագույն դպրոցները (Լիսաբոն և Պորտու1981-ից Պորտուգալիայի գաղութ Մակաոյում գործում է Արևելյան Ասիայի մասնավոր համալսարանը։ Գործում են պատմության պորտուգալական ակադեմիան (1720), Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիան (1932)։ Կան նաև 46 տարբեր գիտական ընկերություններ և 26 այլ գիտական հիմնարկներ։ Պորտուում է գտնվում երկրի խոշորագույն հանրային-մունիցիպալ գրադարանը (հիմնադրվել է 1833-ին, ավելի քան 1325 հազար գիրք), խոշոր են նաև Լիսաբոնի ազգային (1796, ավելի քան 1 մլն գիրք), Կոիմբրայի համալսարանի (1716, ավելի քան 1 մլն գիրք) գրադարանները։ Թանգարաններից են՝ Ազգագրական (1875), Հնագիտության (1866), Հնագույն արվեստի (1884), ժողովրդական արվեստի (1948), Երկրաբանական-հանքաբանական (1837), Դրամագիտության (1933), Գալուստ Կյուլպենկյան հիմնարկություն (1956) և այլն, բոլորը Լիսաբոնում։

Գիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտուգալիայի տարածքում բնական և տեխնիկական գիտելիքների կուտակման նախնական փուլը համընկնում է Պիրենեյան թերակղզում հռոմեական, ապա արաբա–իսպանական գիտության պատմության համապատասխան ժամանակաշրջանի հետ։ XIII դ․ Ռեկոնկիստայի ավարտը, քաղաքների հզորացումը, կրոնի հարաբերական հանդուրժողականությունը և արաբական մշակույթի նվաճումների օգտագործումը նպաստեցին բնագիտության և տեխնիկայի վերելքին։ 1290-ին հիմնադրվեց Լիսաբոնի համալսարանը։ Վերածնության դարաշրջանում զարգացան քարտեզագրությունը, աստղագիտությունը, մասամբ՝ մաթեմատիկան, կատարելագործվեց նավագնացության տեխնիկան, կառուցվեցին նոր տիպի արագընթաց, մանևրունակ նավեր՝ կարավելլաներ։ Պորտուգալացի արշավախմբերը իսպանականների հետ առաջիններն էին, որ սկսեցին Աշխարհագրական մեծ հայտնագործությունները։ XIV դ․ կազմվեցին քարտեզներ, Ատլանտյան օվկիանոսի զգալի մասի համար նավարարության ձեռնարկներ։ 1418-ին Հենրի Ծովագնացը Սագրիշում հիմնադրեց աստղադիտարան և ծովագնացության դպրոց։ XV դ – XVI դ․ սկզբի կարևորագույն նվաճումներից էին Բարեհուսո հրվանդանի (Բ․ Դիաշ, 1488), Բրագիլիայի արևելյան ափերի (Պ․ Կաբրալ, 1500) և առանձնապես դեպի Հնդկաստան ծովային ուղիների (Վասկո դա Դամա, 1497-1499) հայտնագործությունները։ Վերջինս սկիզբ դրեց Հնդկական օվկիանոսի երկրների և հարավարևելյան Ասիայի հետազոտությունների նոր փուլին։ Պորտուգալիայի նավագնացական և քարտեզագրական գիտությունները ընդհուպ մինչև XVI դ․ վերջը մնում էին որպես օրինակ Եվրոպայի համար։ Մինչև XVIII դ․ համընդհանուր օգտագործման մեջ էին երկարության որոշման համար XV դ․ վերջին աստղագետ Ա․ Զակուտոյի կազմած հակումների աղյուսակները։ XVI դ․ կեսերին մաթեմատիկոս և աստղագետ Պ․ Նունիշը ստեղծեց նոնիուսը և հետազոտեց լոքսոդրոմիայի հատկությունները։ XVI-XVII դդ․ հրատարակվեցին մի շարք կենսաբանաբժշկագիտական աշխատանքներ։ XVII դ․ 1-ին կեսին արշավախմբեր կազմակերպվեցին դեպի Աֆրիկայի և Ասիայի մայրցամաքային շրջանները, ինչպես նաև Բրազիլիա։ Բնագիտական հետազոտությունների աշխուժացումն սկսվեց XVIII դ․ վերջում։ 1772-ին Կոիմբրայի համալսարանում ստեղծվեցին մաթեմատիկայի և բնական գիտությունների ֆակուլտետներ, ինչպես նաե քիմիայի, ֆիզիկայի լաբորատորիաներ, աստղադիտարան, բուսաբանական այգի, կենդանաբանական թանգարան։ 1779-ին հիմնադրվեց Լիսաբոնի ԳԱ-ն, որտեղ, ինչպես նաև Կոիմբրայի համալսարանում աշխատում էին օտարերկրացի գիտնականներ (հիմնականում իտալացիներ)։ Գիտության զարգացումն առավել ինտենսիվացավ 1820-ի հեղափոխությունից հետո, երբ ստեղծվեցին գիտական ընկերություններ և հանձնաժողովներ, թանգարաններ։ 1852-ին պոլիտեխնիկական ինստիտուտներ հիմնադրվեցին Լիսաբոնում և Պորտուում։ XIX ղ․ 70-ական թթ․ Աֆրիկայում երկաթուղիների անցկացման նախագծերի և եվրոպական երկրների գաղութային էքսպանսիայի ընդհանուր ուժեղացման հետ կապված Պորտուգալիայում դարձյալ հետաքրքրություն առաջացավ արևադարձային երկրների հետազոտման նկատմամբ։ 1875-ին Լիսաբոնում կազմակերպվեցին աշխարհագրական ընկերություն և Անդրծովյան տարածքների Ազգագրական թանգարան։ Նշանակալից գիտական արդյունքներ տվեցին Ա․ Սիլվա Պորտուի աֆրիկյան (1852-1853), Ա․ Սերպա Պինտուի (1877-1979) և այլ արշավախմբերը։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտուգալիան հարուստ և բազմազան մշակույթի երկիր է։ Ժողովրդական երաժշտության ամենատարածված ձևը ֆադուն է՝ քնարական մեներգը կիթառի նվագակցությամբ, հանրածանոթ է վիրա պարը։ Հանրահայտ են պորտուգալական թատրոնի հիմնադիր Վիսենտեն, դրամատուրգ և բանաստեղծ Լուիշ դի Կամոենսը, գրողներ Ֆեռնանդո Պասոն, Ժոզե Սարամագոն, ճարտարապետ Ժոակին Մաշադու դե Կաշտրուն և ուրիշներ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտուգալիայի գրականության առավել վաղ նմուշներն են Ա․ Ժիրալդիշի (XIV դ․) հերոսական պոեմից պահպանված հատվածը և ժողովրդական քնարական ստեղծագործություններ։ XIII-XV դդ․ ասպետական քնարերգության բազմաթիվ նմուշներ զետեղված են «կանցոններ»-ում։ Այդ շրջանում կղերական գրականությունը լատիներենից անցել է ժողովրդի լեզվին։ XV դ․ սկզբից ստեղծվել են Ֆ․ Լոպիշի (1380-1460) և այլոց պատմական ժամանակագրությունները, որոնցում արժանահավատ փաստերը զուգորդվել են լեգենդների և զրույցների հետ։ XV դ․ վերջից սկսած Պորտուգալիայի տնտեսության վերելքի ու բուրժուական հարաբերությունների առաջացման, քաղաքական հզորության ամրապնդման պայմաններում ստեղծվել է Վերածննդի գրականությունը։ Դրա սկզբնավորողներից մեկը՝ պորտուգալաացի թատրոնի հիմնադիր Ժ․ Վիսենտեն (մոտ 1470-մոտ 1536), իր պիեսներում քննադատել է հասարակական արատներն ու եկեղեցուն։ Վերածննդի գրողների մեծ մասին՝ Բ․ Ռիբեյրու (մոտ 1482-1552), Ֆ․ Սա դի Միրանդա (1481-1558), Ա․ Ֆեռեյրա (1528-1569)։ XVI դ․ կեսին տնտեսական ու քաղաքական ճգնաժամի պայմաններում Պորտուգալիայի Վերածնության գրականությունը անկում է ապրել։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտուգալական ժողովրդական երաժշտությունը ունի հին ավանդույթներ, հարուստ է և բազմազան։ Լադային կազմում մաժոր-մինորի հետ պահպանվում են միջնադարյան լադերը։ Սետրառիթմական կառուցվածքին բնորոշ է սիմետրիկ պարբերույթների գերակշռությունը, երգային և երգ-պարային ժանրերը զարգացած են ավելի, քան գործիքայինը։ Առավել հին երգերից են՝ աշխատանքային, տոմարական, ինչպես և եկեղեցական տոների հետ կապվածները։ Ամենատարածված երգային ձևը կոչվում է ֆաղու, հանրածանոթ պարը՝ վիրա։ Ժողովրդական նվագարաններից են՝ կիթառը, վիոլան, կավաքինյուն, գայտան, պարկապզուկը, հարվածային՝ զաբումբան, տամբորիլը, պանդեյրուն և ադուֆին։ Պրոֆեսիոնալ երաժշտությունը նույնպես հին ավանդույթներ ունի։ XII-XIII դդ․ տրուբադուրների արվեստի դարաշրջանն էր․ նշանավոր ներկայացուցիչներից են Ալֆոնս III և Դինիշ I արքաները։ XV-XVI դդ․ մեծ ծաղկման է հասել վոկալ և գործիքային պոլիֆոնիան։ Խոշոր երաժշտական կենտրոններ են Լիսաբոնը, Պորտուն և Կոիմբրան։

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմպրովիզացիոն բնույթի ներկայացումների, լիթուրգիական դրամայի երևան գալու մասին առաջին տեղեկությունները մեզ հասել են XII դարից։ XV դ․ վերջին Վերածննդի շրջանի մշակույթի կազմավորումը նպաստել է թատրոնի և դրամատուրգիայի զարգացմանը։ Ազգային թատրոնի հիմնադիրն է դրամատուրգ, դերասան և կոմպոզիտոր Ժ․ Վիսենտեն։ XVI դ․ վերջին Լիսաբոնում երևան են եկել հանրային թատրոններ։ XVI դ․ 2-րդ կեսին և XVII դ․ ինկվիզիցիայի հետապնդման և եկեղեցական գրաքննության պատճառով թատերարվեստը անկում է ապրել։ Ազգային թատրոնի վերելքը կապված է XIX դ․ 20-30-ական թթ․ ռոմանտիկական ուղղության հաստատման հետ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո միայն որոշ գործիչներ են անդրադարձել համաշխարհային և ազգային դասականների և օտարերկրյա խոշոր հեղինակների պիեսներին։ Թատերական կյանքի կենտրոնը Լիսաբոնն է, ուր բացի Մարիա II թագուհու ազգային թատրոնից գործում են Ազգային ժողովրդական, Գեղարվեստական թատրոնները և այլն։ Թատերախմբեր կան նաև Պորտուում և Կոիմբրայում։

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտուգալիայում 1896-ից նկարահանվել են առանձին կինոժապավեններ։ Կինոարտադրությունն ավելի կանոնավոր է դարձել «Պորտուգալիա-ֆիլմ» (1909) կինոֆիրմայի ստեղծումից հետո։ 1920-1930-ական թթ․ ստեղծագործել են պորտուգալական խոշոր ռեժիսորներ Լ․ դի Բառուշը, Մ․ դի Օլիվեյրան և ուրիշներ։ Ազգային կինոարվեստի զարգացումը արգելակվել է ֆաշիստական դիկտատուրայի և խիստ գրաքննության շրջանում։ Թողարկվել են շահութաբեր ֆիլմեր։

Խոհանոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտուգալական խոհանոցը մատչելի է, համեղ և մեծ չափաբաժնով։ Պորտուգալական դասական ուտեստներ են համարվում sardinhas assadas-ը (գրիլ արած սարդինա ձուկ ), pasteis de bacalhau-ն (ձողաձկան թխվածք) և caldo verde (կարտոֆիլով և կաղամբով ապուր )։ Ծովամթերքով ուտեստները, ինչպիսին են՝ inguado grelhado-ն (տապակած տափակաձուկ) և bife de atum-ը (թունաձկան սթեյք), անմիջապես գրգռում են ախորժակը։ Ճաշի ժամանակ հնարավոր է համտեսել իսկական պորտուգալական գինի կամ պորտվեյն, որի անունը ծագում է երկրի անվանումից։

Հայերը Պորտուգալիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայերը Պորտուգալիայում

Պորտուգալիայի հայ համայնքը կազմավորվել է 1920-ական թվականներից հետո։ Ներկայումս բնակվում է 500 հայ կենտրոնացած Լիսաբոնում և Պորտոյում։ Պորտուգալիայի հայերից նշանավոր է հայ բարերար Գալուստ Գյուլբենկյանը։

Պորտուգալիայում Հայաստանի դեսպանությունը գտնվում է Հռոմում, բայց ունի հյուպատոսություն Լիսաբոնում և Պորտոյում։ Հայաստանում Պորտուգալիայի դեսպանությունը գտնվում է Մոսկվայում։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտուգալիայի սահմանագիծը 1139 թվականից չի փոխվել։ Այն համարվում է Եվրոպայի ամենավաղ ձևավորված և անփոփոխ սահմաններ ունեցող երկիրը։[15]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «Պորտուգալիա» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։