Սանտա Կլաուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժամանակակից Սանտա Կլաուսը

Սանտա Կլաուս (անգլերեն` Santa Claus) կամ պարզապես Սանտա, դիցաբանական, լեգենդային, ֆոլկլորային և պատմական արմատների վրա հիմնված գեղարվեստական կերպար, ով ըստ արևմտյան քաղաքակրթության ներկայացուցիչների` ամեն տարի դեկտեմբերի 24-ի երեկոյան, այսինքն՝ կաթոլիկ Սուրբ ծննդի նախօրեին այցելում է խելոք երեխաների տները և նրանց թաքուն նվերներ է բաժանում։ Սանտա Կլաուսի կերպարը հիմնված է Սուրբ Նիկողայոսի իրական անձի վրա։

Սանտա Կլաուսի ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանտա Կլաուս 1889

Սանտա Կլաուսի նախատիպն է համարվում համաքրիստոնեական սուրբ Սուրբ Նիկողայոս Զմյուռնացին (թարմանաբար Սանտա նշանակում է «սուրբ», իսկ Կլաուս՝ «Նիկողայոս»), նա հայտնի էր իր բարեգործություններով. երեխա ունեցող աղքատ մարդկանց տալիս էր օգնություն նվերի տեսքով [1]: Սկզբնապես եվրոպական երկրներում ընդունված էր դեկտեմբերի 6-ին՝ եկեղեցական օրացույցով Սուրբ Նիկոլայի օրը, երեխաներին տալ նվերներ նրա անունից: Սակայն Ռեֆորմացիայի դարաշրջանում, երբ հավանություն չէին տալիս սրբերի երկրպագությանը, Գերմանիայում և սահմանակից երկրներում այն անձը, որը բաժանում էր նվերներ, դառնում էր մանուկ Քրիստոսը, իսկ նրա ծննդյան օրը դեկտեմբերի 6-ից տեղափոխվեց և դարձավ դեկտեմբերի 24-ը, որը սուրբծննդյան տոնավաճառի ժամանակն էր: Հակառեֆորմացիայի ժամանակաշրջանում նորից սկսեցին նվերները երեխաներին տալ Սուրբ Նիկողայոսի անունից, սակայն սա տեղի էր ունենում արդեն դեկտեմբերի վերջերին՝ Սուրբ ծննդին: Բայց որոշ Եվրոպական երկրներում դեռ ուժի մեջ են մնում ավելի հին սովորույթները: Այդպես, Հոլանդիայում, որտեղ Սուրբ Նիկողայոսի անունը հնչում է որպես Սինտերկլաս, երեխաները կարող են նվերներ ստանալ և՛ դեկտեմբերի 5-ին, և՛ Սուրբ ծննդին:

1650-ական թվականներին հոլանդացի գաղութարարների շնորհիվ Սուրբ Նիկոլայի կերպարը հասավ նաև հյուսիսամերիկյան մայրցամաք՝ Նոր Ամստերդամ, այժմյան Նյու Յորք: Հարկ է նշել, որ Հյուսիսային Ամերիկայում հիմնված անգլացի պուրիտանները Սուրբ ծնունդ չէին նշում[2]։

1809 թվականին լույս տեսավ ամերիկացի գրող Վաշինգտոն Իրվինգի «Նյու Յորքի պատմություն» գիրքը, որտեղ պատմում էր հոլանդական կառավարության ժամանակների մասին՝ հիշատակելով և մեծարելով Սուրբ Նիկողայոսին Նոր Ամստերդամում:

Սանտա Կլաուսը Թոմաս Նաստի նկարում (1881): Պոետ Կլեմենտը, Քլարկ Մուրը և Թոմաս Նաստը մեծ դեր են ունեցել կերպարի այժմյան ձևավորման մեջ:

1823 թվականին լույս է տեսնում Քլարկ Մուրի «Սուրբ ծնունդին նախորդող գիշերը, կամ Սուրբ Նիկողայոսի այցելություն» գիրքը, որում պատմում էր Սանտա Կլաուսի՝ հեքիաթային կերպարի մասին: Այս պոեմը, որը մեծ հռչակ ձեռք բերեց, վերահրատարակվել է 1844 թվականին:

1863 թվականին Harper’s Weekly պարբերականում աշխատող հայտնի ամերիկացի նկարիչ Թոմաս Նաստը օգտագործեց Սանտա Կլաուսի կերպարը՝ պատկերելով նրան իր քաղաքական ծաղրանկարների շարքում նվերներ բաժանող հերոսի կերպարով ըստ Քլարկ Մուրի գրքի: Կերպարը մեծ հռչակ է ձեռք բերում, ավելի ուշ Նաստը երեխաների համար նկարում է շատ ու շատ զվարճալի նկարներ Սանտա Կլաուսի կյանքից, որոնք տեղ են գտնում տարբեր պարբերականների էջերում: Իր նկարներում Նաստը մտածել և մանրամասն նկարագրել է Սանտայի առօրյան:

Նկարիչն առաջին անգամ է հիշատակում այն մասին, որ Սանտան ապրում է Հյուսիսային բևեռում և ունի հատուկ գիրք, որտեղ գրանցում է երեխաների լավ և վատ արարքները[1]: Նաստի նկարներում կարելի է նկատել Սանտայի պատկերի հեզհետե փոփոխություն՝ մորթե մուշտակով տարեց մարդուց վերածվելով կիսամուշտակով ավելի իրական և ուրախ մարդու: Ինչպես վկայում է History Channel հեռուստաալիքը, «Նաստը Սանտա Կլաուսին արտանկարել է իրենից»: Նկարիչը եղել է միջին տարիքի, երկար մորուքով, գիրուկ մարդ:

Պետք է նշել, որ սկզբնապես Նաստի նկարներում Սանտայի կիսամուշտակը շագանակագույն էր, սակայն նոր նկարներում գրեթե միանգամից այն ստացավ կարմիր երանգ: History Channel-ը իր «Սանտայի լեգենդները» ծրագրում նշում է, որ Սանտայի կիսամուշտակի կարմիր գույնը չունի որևէ հստակ իմաստ[1]:

Սանտա Կլաուսը «Կոկա-Կոլայի» գովազդում

1931 թվականին «Կոկա-Կոլա» ընկերությունը թողարկեց գովազդային հոլովակ՝ ձմռանը զովացուցիչ ըմպելիքների վաճառքը ավելացնելու նպատակով: Այդ պատճառով նրանք առաջարկեցին Սանտայի ավելի ժամանակակից կերպար՝ մշակված Սանդբլոմ Հեթդոնի կողմից: Հենց այս գեղանկարչին է պատկանում Սանտա Կլաուսի՝ ամբողջ աշխարհում հայտնի և ճանաչելի կերպարը: Նրա նկարները դարձան ամենահաջողվածը բոլոր այն նկարներից, որոնք նկարվել էին Քլարկ Մուրի պոեմի և Թոմաս Նաստի նկարների ազդեցության արդյունքում:

Սանտա Կլաուղը էլֆի տեսքով «Պակ» (Puck) ամսագրի շապիկին (1904)

Սանդբլոմի մեկնաբանությամբ՝ Սանտայի մուշտակը եղել է կարմիր, սպիտակ խավեզրերով: Բայց հեքիաթային հերոսի հագուստի գույների համակցությունը ամբողջությամբ չի պատկանում «Կոկա-Կոլա» ընկերությանը, նույն կերպ էր հագնված Սանտան հայտնվել է «Պակ» (Puck) ամսագրի շապիկին (1902, 1904 և 1905 թվականներին), այն նաև հայտնվել է «White Rock Beverages» ապրանքանիշի գովազդային պաստառին (1915 և 1920-ական թվականներին)[3][4]:

Սանտա Կլաուսի ժամանակակից տարբերակը հաճախ է ներակայանում լսելու փոքր տարիքի երեխաների ցանկությունները

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Портал о странах и народах мира
  2. Голос Америки. 25 декабря в истории
  3. «Does Santa Claus still drink White Rock?» (անգլերեն)։ White Rock Collectors Association (whiterocking.org)։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-07-23-ին։ Վերցված է 2013-01-07 
  4. «Coca-Cola’s Santa Claus: Not The Real Thing!» (անգլերեն)։ BevNET.com։ 2006-12-18։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-01-20-ին։ Վերցված է 2013-01-07 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]