Սոցիալական վարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սոցիալական վարկ, հասարակական որևէ երևույթին (մասնագիտությանը, պաշտոնին, խմբին, բնակավայրին, կազմակերպությանը, մարդկային արժանիքին, սպառման առարկային և այլն) տվյալ հանրույթի (հասարակության, դասակարգի, ազգի, խմբի և այլն) անդամների կողմից վերագրվող նշանակալիությունը։ Սոցիալական վարկը բացահայտվում է մարդկանց արժեքային կողմնորոշումների համակարգում և իրական վարքում։ Դեպի բարձր սոցիալական վարկով օժտված օբյեկտը անձնավորության ձգտումը (գիտակցական կամ անգիտակցական) հիմնականում այլոց աչքում այդ սոցիալական վարկի հետ իր նույնացման և դրա միջոցով հեղինակություն, ազդեցություն ձեռք բերելու, հարգանքի արժանանալու ցանկության հետևանք է։ Որևէ հանրույթի շրջանակներում տարբեր երևույթների սոցիալական վարկերի աստիճանակարգը պայմանավորված է ընդհանուր (տվյալ ժամանակաշրջանը, հասարակական կացութաձևը և այլն բնութագրող) և մասնավոր (միայն տվյալ հանրույթը բնորոշող) առանձնահատկություններով։ Միևնույն երևույթը կարող է տարբեր սոցիալական վարկ ունենալ տարբեր դասակարգերի, սոցիալական խավերի, սերունդների համար։ Սոցիալական վարկի ուսումնասիրությունը թույլ է տալիս կառավարել մարդկանց վարքագիծը, ձևավորել ձգտումները, իդեալները, սովորույթները և այլն։ Դա օգտագործվում է, օրինակ, բուրժուական հասարակության մեջ, ռեկլամի միջոցով այս կամ այն երևույթին (սպառման նորույթին, քաղաքական գործչին և այլն) փքուն սոցիալական վարկը ապահովելու նպատակով։ Սոցիալական վարկ սոցիալիզմի օրոք կարող է բացասական դեր խաղալ, եթե տվյալ երևույթի սոցիալական վարկը չի համապատասխանում դրա իրական հասարակական օգտակարությանը և հետևանք է աղճատված գնահատականների, մանրբուրժական վերապրուկների, սպառողական հոգեբանության և այլն։ Հակամարտ հասարակություններում տիրապետող գաղափարախոսությունը և մասնավոր սեփականատիրական հոգեբանությունը վերջին հաշվով ապահովում են հարստության, իշխանության, «հաջողության» բարձր սոցիալական վարկ։ Սոցիալիզմի օրոք բարձր է հատկապես ստեղծագործ աշխատանքի և մարդու աշխատանքային արժանիքների սոցիալական վարկ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 26 CC-BY-SA-icon-80x15.png